Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:45 02-05-2025

Ագրեսիվ պարտքային բեռի ներգրավումը հանգեցնելու է պարտքի ավելի արագ աճի, քան տնտեսության աճն է

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գրառումը. «Ամենևին ցանկություն չունենալով անդրադարձ կատարել այսօր Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման պատասխանատու պաշտոնյայի մամլո ասուլիսին, այնուամենայնիվ, կարծեցի, որ հանրության մոտ այլընտրանքային ընկալումներ առաջացնելու նկատառումներից ելնելով՝ առկա է որոշ մտքեր ներկայացնելու անհրաժեշտություն։

Հայաստանի կողմից այս տարվա մարտ ամսին 750 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եվրապարտատոմսերի տեղաբաշխումը՝ 7.1% տոկոսադրույքով, իրականում ցույց է տալիս, որ օտարերկրյա ներդրողների կողմից մեր երկրի առնչությամբ ռիսկերի գնահատումը բավականին բարձր է, քանի որ սովորաբար, եվրապարտատոմսերի բարձր եկամտաբերությունը արտացոլում է տվյալ երկրի քաղաքական և տնտեսական անկայունության շուկայական ընկալումները, ինչպես նաև վկայում է տվյալ վարկառու երկրի ցածր վարկունակության կամ տնտեսության կառուցվածքային անհավասարակշռության մասին։

Նման բարձր տոկոսադրույքի առաջարկը ենթադրաբար նշանակում է նաև, որ Հայաստանը, ըստ էության, «չարաշահելով» ներքին պարտքի կուտակման հնարավորությունները (կամ դրանք գնահատելով ոչ բավարար), ստիպված է եղել արտաքին ներդրողներին առաջարկել զգալի ռիսկի նման փոխհատուցում։

Ագրեսիվ պարտքային բեռի ներգրավումը՝ թույլ հարկաբյուջետային կարգապահության պայմաններում (2024թ․ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրավորված մուտքերի համեմատ թերակատարվել են ավելի քան 7,5%-ով, նաև՝ գործնականում չի իրականացվել հայտարարված հարկաբյուջետային կոնսոլիդացիան), ակնհայտորեն հանգեցնելու է պարտքի ավելի արագ աճի, քան տնտեսության աճն է։

Ավելին, եթե ներկայիս փոխառությունն օգտագործվում է հին պարտքերը մարելու, այլ ոչ թե ենթակառուցվածքներում, կրթության, տեխնոլոգիական ոլորտում կամ այլ աճի շարժիչ ուժերում ներդրումներ կատարելու համար, ապա պարտքը «վերականգնողական ազդեցություն» չի ունենալու, ինչը նշանակում է, որ տնտեսությունը ապագայում չի կարողանալու գեներացնել բավարար եկամուտներ՝ պարտքային նոր բեռը սպասարկելու համար։

Իրականում Հայաստանը հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ պետական պարտքը (թե՛ դրա արտաքին, և թե՛ ներքին բաղադրիչները) աճում է տնտեսական «նոմինալ» (ոչ իրական) աճի, բյուջետային անհավասարակշռությունների և հարկային եկամուտների նվազման ֆոնին։ Նման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության բարելավումն ու արտաքին փոխառություններից կախվածության նվազմանն ուղղված ջանքերի գործադրումը գնահատվում են անիրական և անարդյունք։

Հանրային ֆինանսները պաթոսային կառավարում չեն հանդուրժում։ Այս ոլորտում անտեղի իմպրովիզացիան կամ ճարտասանությունը տեղ չունեն։ Ամեն ինչ շատ պրագմատիկ է, սթափ և հիմնված գիտականորեն ամրապնդված սկզբունքների վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում