Խոսք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:00 16-10-2024

«3+3» ձևաչափը կարևոր է, բայց Ստամբուլի հանդիպումից չպետք է մեծ ակնկալիքներ ունենանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր


Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը, որին կմասնակցի նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Սա այս ձևաչափով արդեն 3-րդ հանդիպումն է․ առաջինը կայացել էր Մոսկվայում՝ 2021-ի դեկտեմբերին, երկրորդը՝ Թեհրանում՝ 2023-ի հոկտեմբերին։

«3+3» հարթակն ընդգրկում է Հարավային Կովկասի 3 երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, ինչպես նաև տարածաշրջանային 3 ազդեցիկ պետություններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։ Վրաստանը ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս չի մասնակցելու հանդիպմանը, ուստի հանդիպումը կկայանա 5 երկրների ԱԳ նախարաների միջև։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշեց՝ առհասարակ տարածաշրջանային ձևաչափերը, այդ թվում «3+3»-ը, շատ կարևոր են, որովհետև տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներն առաջին հերթին լուծվում են և լուծվելու են հենց տարածաշրջանային ձևաչափով։ Նա միևնույն ժամանակ կարծում է, որ հոկտեմբերի 18-ին կայանալիք հանդիպումից շատ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ․

«Հանդիպում է, որին Հայաստանը շատ ճիշտ է անում, որ մասնակցում է։ Դրա շրջանակներում հարցեր կքննարկվեն, ինչից հետո կհասկանանք՝ մի շարք հարցերում այս ձևաչափի մասնակից երկրների հետ արդյոք ընդհանուր եզրեր կա՞ն, թե՞ ոչ»։

Սուրեն Սուրենյանցը շեշտեց, որ այս ձևաչափով կողմերը պարբերաբար հանդիպում են, ու այս հանդիպման օրվա կապակցությամբ դավադրապաշտական տեսությունների գիրկն ընկնելու կարիք չկա։ «Մի երկու ամիս է, ինչ խոսվում էր այս հանդիպման մասին, այնտեղ հատկապես գրաֆիկները համաձայնեցնելու խնդիր կար, ուստի չեմ կարծում, որ օրվա ընտրությունն արտառոց է։ Մյուս կողմից՝ առջևում շատ կարևոր իրադարձություններ կան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով և այլն, հավանաբար փորձելու են ռեգիոնալ կոնտեքստի հարցեր քննարկել, այդ թվում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ կապված։ Ամեն դեպքում տարածաշրջանային երկրների միջև նման հանդիպումների անցկացումը խրախուսելի է»,- կարծում է նա։

Քաղաքագետը նաև չբացառեց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման նույնպես կքննարկվի այս հանդիպմանը, սակայն չի կարծում, որ դրա վերաբերյալ դետալային քննարկում կլինի։

Հարցին, թե ինչու է Վրաստանը հերթական անգամ հրաժարվել այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելուց՝ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ հանդիպմանը մասնակցությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դա կարող էր վնասել կառավարող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին։ «Համոզված եմ, որ եթե հոկտեմբերի 26-ին Վրաստանում նույն իշխանությունը վերարտադրվի, ապա դրանից հետո Վրաստանը կսկսի այս ֆորմատի աշխատանքներին մասնակցել»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան