Մշակույթ 2 տարի առաջ - 17:57 05-11-2023

Անկարելի է գտնել ազգ մը, որ այսքան ավեր, մահ, սուր, ուրացություն կրած լինի ու նորեն ցայսօր ապրի․ Գարեգին Սրվանձտյանցի ծննդյան օրն է

«Այս գործիս հրատարակությունը հասկացողին համար արժեք կունենա, բայց կարծեմ արհամարհողներ ավելի պիտի լինին և այպանողներ, ոչ միայն այս գրվածին կտորը, այլ ամբողջ սույն գրքույկը, ընդոր և իմ անձը: Ասոնք չհասկացողներն են: Բայց մեր փույթը չէ: Քաջալերված կհամարեմ զիս, եթե համրանքով քսան հոգի ևեթ լինին հավանող այս գործույն, և կշարունակեմ խրախույս տալով այլոց, որ հետևին, աշխատասիրեն ձեռք բերել, ի լույս ածել այսպիսի գրվածքները»,- իր մեծ գործի՝ «Սասնա ծռեր» էպոսի գրառման և հրատարակության մասին գրել է բանահավաք Գարեգին Սրվանձտյանը։

Այսօր հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանի ծննդյան օրն է։



Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան: Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։

Խրիմյան Հայրիկի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867-1869 թթ. ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869 թ. նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում: 1872 թ. մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։



«Անկարելի է գտնել աշխարհ մը և ազգ մը, որ համեմատվի հայուն և յուր երկրին, որ այնքան ավեր, մահ, սուր, ուրացություն, արյուն, գերություն կրած լինի, ու նորեն ցայսօր ապրի»,- գրել է Սրվանձտյանը։

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»