Ներքին 3 տարի առաջ - 12:50 09-06-2023

ԱՄՆ դեսպանն այցելում է Տեղ, բայց բնակիչներին՝ ոչ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք։

«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները»։ Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքի էջում։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Oragir.News-ին փոխանցեց, որ այցի ընթացքում դեսպանը ականատես է եղել սահմանին տիրող իրավիճակին։

«Դեսպանը համայնքում անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին»,- ասաց Ղուլունցը։

Հետաքրքրվեցինք Ղուլունցից, իսկ գյուղացիերի հետ հանդիպում եղե՞լ է, ի՞նչ հարցեր են քննարկվել.

«Գյուղացիների հետ հանդիպում չի եղել, տարածքային հարցեր են քննարկվել»,- պատասխանեց համայնքի ղեկավարը։

Հարցին, թե այս պահին ինչպիսին է իրավիճակը գյուղում, գյուղացիները կարողանո՞ւմ են իրենց բնականոն աշխատանքով զբաղվել, նա պատասխանեց․ «Իրավիճակը նորմալ է, հանգիստ է, գյուղացիներն իրենց աշխատանքով են զբաղվում, խուճապ, վախ կռվի ժամանակ էլ չկար, հիմա որտեղի՞ց լինի»։