Ներքին 3 տարի առաջ - 21:47 05-04-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրներին, նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և մեր երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և միջազգային հարթակներում:

«Անկախություն ձեռք բերելուց հետո, մենք միշտ զգացել ենք Սլովակիայի աջակցությունը: Մենք այս տարի նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և դա լավ առիթ է՝ մեր համագործակցությունն առավել ընդլայնելու մասին մտածելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Լեռանային Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշման համար. այն հայտարարությունները, որ ընդունվել են ձեր խորհրդարանի կողմից աջակցություն են եղել մեզ համար, և հույս ենք հայտնում, որ դա կշարունակվի հետագայում ևս:

Դուք մեծ աշխատանք եք կատարել նաև ԵՄ Խորհրդի որոշման կայացման գործում՝ Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար: Սլովակիան այն վեց երկրներից մեկն էր, որը նախաձեռնեց և այդ խնդրով դիմեց ԵՄ բարձր ներկայացուցչին»:

Մարիան Քերին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է.

«Մեր այցն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Հայաստանի և Սլովակիայի 30-ամյա համագործակցության առիթն է: Երկրորդը՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել հայ ժողովրդի այն հատվածին, որը հիմա գտնվում է ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում:

Մենք երեկ այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, և շատ հպարտ ենք, որ մեր Ազգային ժողովը 2004 թվականին դատապարտել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2020 թվականին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և նաև հասավ մինչև Հայաստանի սահմաններ: Այդ իսկ պատճառով մենք 2020-2021 թթ. մեր Ազգային ժողովում ընդունեցինք բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից իրականացրած այդ քայլերը»:

Հանդիպման ընթացքում Մարիան Քերին իր խոսքում ասել է, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին և շեշտել հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղության հասնելն է: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև քաղաքական ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով