Ներքին 3 տարի առաջ - 12:09 05-12-2022

Գետավանի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ. ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում, որով ադրբեջանական շարասյուն էր անցնում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Այդ մասին հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով