Ներքին 5 տարի առաջ - 23:50 19-07-2021

Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Լին Թրեյսիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Միացյալ նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով, որ ԱՄՆ որդեգրած արժեքները հոգեհարազատ են նաև Հայաստանի համար։

«Միացյալ նահանգների հետ մեր համագործակցությունը շարունակվում է աշխատանքային իրավունքների, երեխաների հիմնահարցերի, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ։ Անդրադառնալով վերջինիս՝ կցանկանայի շեշտել ԱՄՆ պետքարտուղարի հրապարակած ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի դիրքերը բարելավվել են։ Մենք պատրաստակամ ենք և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու այս ուղղությամբ արդյունավետ աշխատանքները»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Դեսպան Լին Թրեյսին ևս, կարևորելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իրականացվող քայլերն, անդրադարձել է նաև աշխատանքային թրաֆիքինգին, մասնավորապես՝ ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարմանը․«Շնորհավորում եմ Հայաստանին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի սանդղակի երկրորդ խմբում իր դիրքերը բարելավելու կապակցությամբ։ Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ աշխատելով նաև դեսպանության տարբեր ստորաբաժանումների հետ, ինչի շնորհիվ այս առաջընթացն ու դիրքերի բարելավումը հնարավոր է դարձել։ Լավ աշխատանքը միշտ գնահատվում է, և պետք է շարունակել նույն տեմպով, որպեսզի առաջխաղացումը պահպանվի»։

ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն անդրադարձել է հետպատերազմական իրավիճակում տեղահանված արցախցիներին վերաբերող ծրագրերին և կարիքների հասցեական տրամադրմանը։ Նա շեշտել է՝ առաջին անհրաժեշտության աջակցության ցուցաբերումից զատ, ՄԶԳ գրասենյակի կողմից ևս այժմ դիտարկվում են երկարաժամկետ աջակցության հնարավորությունները։

«Մենք նաև նախատեսում ենք իրականացնել ծրագիր և օգնել աշխատանք գտնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Աշխատուժի զարգացմանն ուղղված ծրագիր ևս նախատեսվում է, այդպիսով՝ կփորձենք ծածկել մասնագիտական պահանջարկի մասով առկա բացերը, ապահովել ուսուցումներ այնպիսի մասնագիտությունների համար, որոնց պահանջարկը գործատուներն ունեն»,- ասել է Ջոն Ալելոն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված և նախատեսվող ծրագրերը, նախանշվել դրանց գործնականում դրանց իրականացման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»