Խոսք 5 տարի առաջ - 13:27 04-07-2021

Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ԱՄՆ անկախության 245-ամյակի առթիվ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ ԱՄՆ անկախության 245-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ Ուղերձում մասնավորապես ասված է․

«Սիրելի' ամերիկացիներ,

Երկրորդ անընդմեջ տարին է, որ մենք հուլիսի 4-ի տոնակատարությանը միանում ենք հեռավար կարգով: Ցավոք, շարունակվող համաճարակը մեզ զրկեց այս տոնական առիթով դեսպանության մեր ամերիկացի ընկերների և գործընկերների հետ ամուր ձեռքսեղմման հնարավորությունից: Այնուամենայնիվ, քանի որ Միացյալ Նահանգների ժողովուրդը նշում է ազատ և բարեկեցիկ երկրում ապրելու իր հավաքական որոշման 245-ամյակը, մեր ցանկություններն ու շնորհավորանքները ջերմ են, ինչպես երբեք:

Անկախության տարիները Միացյալ Նահանգների համար նշանավորվեցին ինչպես ուշագրավ նվաճումներով, այնպես էլ արտակարգ մարտահրավերներով, ինչն էլ ավելի ամրապնդեց ամերիկյան ժողովրդի վճռականությունը` հետամուտ լինելու ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության գաղափարներին: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ծանրակշիռ դերն արդի համաշխարհային գործընթացներում վկայում է իր ժողովրդի համառության և հնարամտության մասին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից (հունվար 7, 1992 թ) գրեթե 30 տարի անց ԱՄՆ-ն և Հայաստանը բեղմնավոր համագործակցություն են ծավալում` հիմնված ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեքների վրա:

ԱՄՆ ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը մեզ համար կարևոր դեր է խաղացել ավելի լավ պետական ինստիտուտների կերտման, օրենքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելու հարցերում: Իր հերթին, Հայաստանն աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգների հակաահաբեկչական և խաղաղապահ նախաձեռնություններին:

Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար ՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այն վճռորոշ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում:

2020-ի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ բնակչության և տարածաշրջանի անվտանգության վրա և չլուծված թողեց այնպիսի առաջնահերթ խնդիրներ, ինչպիսիք են Արցախի վերջնական կարգավիճակը: Այս առումով, Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ աշխուժացնելու իր ջանքերն հակամարտության արդար և համապարփակ լուծման ուղղությամբ:

Օգտվելով առիթից` կցանկանայի շնորհավորել նաև ամերիկահայերին, ովքեր մշտապես չափազանց կարևոր դեր են խաղացել մեր երկրների միջև գործընկերության ձևավորման և պահպանման գործում: Նրանցից շատերն էթնիկ հայերի հետնորդներ են, ովքեր, ականատես լինելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սարսափներին, ապաստան և երկրորդ տուն են գտել Միացյալ Նահանգներում: Տարիների ընթացքում ամերիկահայ համայնքը ծաղկել է՝ մեծապես նպաստելով ԱՄՆ զարգացմանն ու բարգավաճմանը:

Այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը ողջունվեց աշխարհի միլիոնավոր հայերի կողմից, որոնց նախնիները նույն ողբերգական ճակատագրին էին արժանացել: Դրանով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր անսասան հանձնառությունը ՝ պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքներն ու համընդհանուր արժեքները:

Քանի որ ԱՄՆ-ն վերականգնում է իր դերը Մարդու իրավունքների խորհրդում, ինչին միանշանակ աջակցում է Հայաստանը, ես ուզում եմ հայտնել մեր պատրաստակամությունը` շարունակելու համագործակցությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

Ի վերջո, կցանկանայի ողջունել ներկայիս վարչակազմի որոշումը` գլխավորել Covid-19 համաճարակի և կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Միացյալ Նահանգների վերադարձը միջազգային այնպիսի կարևոր մեխանիզմներին, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Փարիզի համաձայնագիրը, կամրապնդեն գլոբալ ջանքերն այդ աղետների դեմ պայքարում:

Բարգավաճման անկեղծ մաղթանքներով ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել Ամերիկայի ժողովրդին հուլիսի 4-ի առթիվ: Հուսով եմ, որ անկախության 245-ամյակը բոլորիդ խաղաղություն և ներդաշնակություն կբերի:

Աստված օրհնի Ամերիկան և հայ-ամերիկյան բարեկամությունը»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի