ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիայի Հանրապետություն) մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին։
Համաժողովի շրջանակներում կազմակերպված առաջին՝ «Ժողովրդավարությունը և դատական իշխանությունը․ դատավորի «իրավացի տեղը»» վերտառությամբ կլոր սեղան-քննարկման ընթացքում Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել ելույթով՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում դատավորի դերակատարության, դատարանների և քաղաքական իշխանությունների միջև միջինստիտուցիոնալ երկխոսության միջոցով ինստիտուցիոնալ հարգանքի միջավայր ստեղծելու վերաբերյալ։
Ելույթի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահն անդրադարձել է ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և իրավունքի գերակայության միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելու հարցին՝ նշելով, որ դատավորը, գտնվելով այս եռասյուն արժեքների պահպանման կիզակետում, ապահովում է փխրուն հավասարակշռությունը՝ երաշխավորելով ժողովրդավարությունը ոչ միայն այսօր, այլև ապագայում։