Սպորտ 11 րոպե առաջ - 20:54 25-11-2026

Ադրբեջանական ակումբը կկարողանար հանդես գալ Լա Լիգայում․ Հանսի Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը բարձր է գնահատել ադրբեջանական «Սաբահի» խաղային մակարդակը՝ նշելով, որ Բաքվի ակումբը կկարողանար հանդես գալ նույնիսկ Իսպանիայի առաջնությունում։

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում գերմանացի մասնագետն անդրադարձել է նաև Լամին Յամալի բացակայությանը, Պաու Կուբարսիի առողջական վիճակին և Ֆրենկի դե Յոնգի ունիվերսալությանը։

Ֆլիկի խոսքով՝ մարզչական շտաբը մանրամասն ուսումնասիրել է մրցակցին, և կատալոնական թիմը պետք է առավելագույն լրջությամբ մոտենա հանդիպմանը։

«Մեր վերլուծաբանների հետ արդեն ուսումնասիրել ենք «Սաբահի» խաղը։ Կարծում ենք՝ նրանք կարող են խաղալ Լա Լիգայում, քանի որ շատ լավ ֆուտբոլային փիլիսոփայություն ունեն։ Նրանք սիրում են խաղալ գնդակով և համարձակ են գործում սեփական կիսադաշտից գրոհները սկսելիս։ Սա Չեմպիոնների լիգան է, և մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Մեզ համար շատ կարևոր է խաղադաշտ դուրս գալ ճիշտ տրամադրվածությամբ և անհրաժեշտ ինտենսիվությամբ»,- նշել է Ֆլիկը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հաստատել է, որ Լամին Յամալը բաց կթողնի հանդիպումը՝ կանխարգելիչ նկատառումներից ելնելով։

«Նախկինում էլ խաղացել ենք առանց Յամալի։ Որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի՝ նա մնա Իսպանիայում։ Հուսով ենք՝ լավ կվերականգնվի և հնարավորինս շուտ կմիանա մեզ»,- ասել է Ֆլիկը՝ հավելելով, որ դեռ չի որոշել, թե ով կփոխարինի երիտասարդ եզրայինին, և ծանրաբեռնված խաղացանկի պայմաններում չի բացառում նաև կազմի այլ փոփոխություններ։

Փոխարենը շարք է վերադարձել վերջին շրջանում մկանային խնդիրներ ունեցած Պաու Կուբարսին․ «Նա հասանելի է։ Վնասվածքը լուրջ կամ վտանգավոր չէ։ Հնարավոր է՝ նրան մի փոքր ավելի շատ ժամանակ տանք վերականգնվելու համար, բայց նա կարող է խաղալ նաև այս հանդիպմանը։ Կտեսնենք՝ ինչ որոշում կկայացնենք»։

Գերմանացի մասնագետն առանձնահատուկ գովեստի խոսքեր է հնչեցրել նաև Ֆրենկի դե Յոնգի հասցեին՝ ընդգծելով նիդերլանդցու պատրաստակամությունը՝ օգնելու թիմին ցանկացած դիրքում։

«Ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ նա պատրաստ է խաղալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է՝ անկախ դիրքից։ Ֆրենկին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է, և մենք նրա կարիքն ունենք»,- եզրափակել է Ֆլիկը՝ չբացահայտելով, թե կոնկրետ որ դիրքում է նախատեսում օգտագործել կիսապաշտպանին առաջիկա խաղում։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի «Սաբահ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 25-ին, Բաքվի օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։ Այս պահին «Բարսելոնան» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Սաբահը» 3 միավորով 31-րդն է։ Հաղթանակի դեպքում կատալոնական ակումբը զգալիորեն կամրապնդի իր դիրքերը լավագույն ութնյակում։

Armsport

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները