Արտաքին 47 րոպե առաջ - 12:44 22-11-2026

ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Բայդենի օրոք ընդունված՝ 1,7 տրլն դոլարի պետական ծախսերի մասին օրենքը

ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել 1,7 տրլն դոլարի պետական ծախսերի մասին ծավալուն օրենքը, որն ընդունվել է 2022 թվականին՝ երկրի նախագահ Ջո Բայդենի օրոք, հայտնում է CNN-ը։

Դատարանը վճռել է, որ փաստաթղթի քվեարկության ժամանակ օրենսդիրները ձայնի իրավունքը փոխանցել են նիստից բացակայող գործընկերներին, ինչը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը։

Ձայների ինը կողմ և ութ դեմ հարաբերակցությամբ ընդունված որոշման մեջ դատավորները նշել են, որ լիազորագրով տրված ձայները չեն կարող հաշվի առնվել Կոնգրեսի նիստերն անցկացնելու համար անհրաժեշտ քվորումը որոշելիս։

Բացի այդ, դատավորների մեծամասնության կարծիքով, կառավարությունը չի ապացուցել, որ քվեարկության նման ընթացակարգի ներդրման պահին գոյություն է ունեցել արտակարգ իրավիճակ, որը կարդարացներ դրա կիրառումը։

2022 թվականի պետական ծախսերի մասին օրինագիծը Ներկայացուցիչների պալատն ընդունել է 225 կողմ և 201 դեմ ձայներով։ Մեկ կոնգրեսական ձեռնպահ է մնացել, իսկ վերաքննիչ դատարանի նյութերի համաձայն, ևս 226 օրենսդիր քվեարկել է լիազորագրով։

Հայցը 2023 թվականին ներկայացրել էր Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը՝ պահանջելով նահանգում արգելել հղի աշխատակցուհիների նկատմամբ արդար վերաբերմունքի մասին օրենքի կիրառումը։ Այս փաստաթուղթը որոշ գործատուների պարտավորեցնում է հղի աշխատակցուհիների համար ապահովել աշխատանքային որոշակի պայմաններ։ Վերաքննիչ դատարանը բավարարել է Փաքսթոնի պահանջը։

Իրավաբանները նախազգուշացրել էին, որ օրենքի ընդունման ընթացակարգը հակասահմանադրական ճանաչելը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ և կասկածի տակ դնել լիազորագրով քվեարկության միջոցով ընդունված այլ օրենսդրական ակտեր։

Աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող A Better Balance կազմակերպության ղեկավար Ինիմայ Չեթիարը հայտարարել է, որ որոշումը կարող է լրջորեն բարդացնել հղի աշխատակցուհիների վիճակը Հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանի իրավազորության ներքո գտնվող նահանգներում։

Նրա կարծիքով, գործատուները կկարողանան հղում անել դատարանի որոշմանը՝ աշխատակցուհիներին մերժելով անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովումը, իսկ դատարանները կարող են հաշվի առնել այս նախադեպը համապատասխան հայցերը քննելիս։

Միաժամանակ որոշման մեջ ընդգծվում է, որ դրա գործողությունն ունի «նեղ շրջանակ» և վերաբերում է միայն Տեխասում հղի աշխատակցուհիների պաշտպանության մասին օրենքի կիրառմանը։

Նախկին նախագահ Բարաք Օբամայի նշանակած դատավոր Ջեյմս Գրեյվս կրտսերը չի համաձայնել մեծամասնության որոշմանը։ Իր հատուկ կարծիքում նա հայտարարել է, որ գործընկերները սխալ են մեկնաբանել քվորումի մասին սահմանադրական դրույթը։ Ըստ նրա, թեև քվեարկության ժամանակ ֆիզիկապես ներկա է եղել Ներկայացուցիչների պալատի անդամների կեսից պակասը, օրենսդիրներից ոչ ոք չի հայտարարել քվորումի բացակայության մասին։

Դատավորը նաև ընդգծել է, որ պատգամավորների պարտադիր ֆիզիկական ներկայության պահանջը Սահմանադրության մեջ ներմուծում է լրացուցիչ սահմանափակում, որն այնտեղ ուղղակիորեն նախատեսված չէ։

Դաշնային գերատեսչությունների և պետական ծրագրերի ֆինանսավորումից բացի՝ օրենքը նախատեսում էր շուրջ 45 մլրդ դոլարի հրատապ օգնություն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ինչպես նաև մոտ 40 մլրդ դոլար՝ բնական աղետների հետևանքների վերացման համար։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
18:20 Այս կյանքում ոչինչ հավերժ չէ․ Էլիզ Մելիքյան