Արտաքին 32 րոպե առաջ - 20:49 13-11-2026

Մերցը ՆԱՏՕ-ն համարում է եվրոպական անվտանգության ճարտարապետություն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման համատեքստում եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հարցը քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում՝ պնդելով, թե այդ ճարտարապետությունն արդեն գոյություն ունի՝ ի դեմս ՆԱՏՕ-ի։

«Ռուսաստանը ցանկանում է խոսել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցերի մասին։ Մենք չպետք է դա քննարկենք, քանի որ այն արդեն գոյություն ունի։ Դա առաջին հերթին ՆԱՏՕ-ն է և ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունը»,– Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, լրագրողներին ասել է Մերցը։ Նրա խոսքերը մեջբերում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Կանցլերի կարծիքով՝ Ռուսաստանի հետ առաջիկա բանակցություններում պետք է կենտրոնանալ միայն մեկ հարցի վրա՝ ինչպես խաղաղության հաստատումից հետո ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։ Միաժամանակ նա պնդել է, որ Եվրոպան Մոսկվայի հետ պետք է երկխոսի «ուժի դիրքերից»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպացիների հետ երկխոսության անհրաժեշտություն կառաջանա, երբ քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության համակարգի ապագայի հարցերը։