Երեկ Դուբլինում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած են եղել երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացմանը, տնտեսական ու առևտրային հարաբերություններին:
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն այս հանդիպման վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև Դուբլինում տեղի ունեցած քննարկումն ինչի՞ շուրջ է եղել, ի՞նչ հարցեր են քննարկել կողմերը։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև քննարկումները վերաբերել են խաղաղությանն ու ճանապարհների բացմանը։ Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են դրական արդյունքի հանգեցնել։
«Շրջափակումից դուրս կգանք, ճանապարհները բաց կլինեն, մենք նորմալ կապրենք։ Նորմալ էլ չապրենք, սենց էլ ապրենք՝ լավ ա»,- նշեց քաղաքացին։
Հարցվածներից մեկն էլ հրաժարվեց մեկնաբանել հանդիպումը՝ նշելով, որ այլևս նյարդեր չունի Նիկոլ Փաշինյանի ձայնը լսելու։
Մեկ այլ քաղաքացի էլ հոռետեսորեն արտահայտվեց հանդիպման հնարավոր արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ լավ զարգացումներ չի ակնկալում։
«Լավ բան չեմ կանխագուշակում, քանի որ գնալով՝ մեր դրությունը վատանում է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի համար դրական արդյունքների հասնելը դժվար է համարում։ Քաղաքացու համոզմամբ՝ խաղաղության պայմանագիրն ավելի շատ օգուտ է տալու Ադրբեջանին, քան Հայաստանին։
Մանրամասները`տեսանյութում: