Ներքին 12 րոպե առաջ - 19:06 12-11-2026

Սոս Սարգսյանի արխիվն իր տեղում է, ոչինչ չի փչացել, ոչինչ չի գողացվել. Թատերական ինստիտուտի պարզաբանումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով․ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ժառանգները նրա նամակներն ու ձեռագրերը հանձնել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին՝ հուշանկյուն ստեղծելու նպատակով, սակայն ժամանակի ընթացքում նյութերի մի մասը վնասվել է, իսկ մյուս մասը հայտնվել է բուկինիստական խանութներում և վաճառվել։

Հաշվի առնելով Սոս Սարգսյանի թողած գրական և թատերական ժառանգության բացառիկ արժեքը՝ փորձեցինք պաշտոնական պարզաբանում ստանալ բուհից՝ հասկանալու համար, թե իրականում ինչ նյութեր են հանձնվել ինստիտուտին, ինչ պայմաններում են դրանք պահվում և որքանով են իրականությանը համապատասխանում արխիվի կորստի մասին տեղեկությունները։ Բուհի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց հավաքածուի ծագումն ու կազմը՝ հերքելով ժառանգների կողմից արխիվ հանձնելու վերաբերյալ տեղեկությունը։

«Իր ռեկտորության տարիներին Սոս Սարգսյանը ինստիտուտին նվիրաբերել է գրքեր իր անձնական գրադարանից, այդ թվում նաև իր հեղինակային գրքերը։ Սարգսյանի հեղինակած բոլոր գրքերը պահվում են բուհի գրադարանում և առանձնացված հատուկ պահոցներում։ Հավելենք, որ Սոս Սարգսյանը ինստիտուտին այլ ձեռագրեր կամ արխիվային հավաքածուներ երբևէ չի նվիրաբերել»,- նշեց Վովա Արզումանյանը։

Անդրադառնալով այն պնդմանը, թե արխիվը բուհին են փոխանցել արտիստի մահից հետո՝ նրա հարազատները, ինստիտուտի ներկայացուցիչը միանշանակ հերքեց այդ փաստը. «Իր մահից հետո մինչ օրս իր հարազատների կողմից ոչ մի գիրք կամ արխիվային նյութ չի նվիրաբերվել»։

Ինչ վերաբերում է գրքերի օտարման և բուկինիստական խանութներում հայտնվելու մասին լուրերին, բուհից պարզաբանեցին, որ գրադարանային ընդհանուր ֆոնդից որոշակի գրքեր իսկապես նվիրաբերվել են այլ կառույցների, սակայն դա վերաբերել է բացառապես ոչ մասնագիտական գրականությանը։

«Մենք մեր ոչ մասնագիտական գրականության չօգտագործվող մասը նվիրաբերել ենք՝ համաձայն միջազգայնորեն ընդունված գրադարանային պրակտիկայի։ Իսկ թե ինչպես են ինչ-որ գրքեր հայտնվել գրախանութներում և ինչ գրքեր են դրանք, մենք ընդհանրապես տեղեկություն չունենք»,- ընդգծեց Արզումանյանը։

Հիշեցնենք, Սոս Սարգսյանը 1997-2006 թվականներին ղեկավարել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, իսկ 2006-ից եղել է ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ Բուհի մասնագիտական գրադարանի պաշտոնական տվյալներով՝ ֆոնդում իսկապես առկա է Սոս Սարգսյանի գրքային հավաքածուն։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը