Ներքին 10 րոպե առաջ - 10:14 12-11-2026

Հայաստանի ՄԻՊ-ը Կիպրոսում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգային փոփոխությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Նիկոսիայում՝ մասնակցելու Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին նվիրված՝ «Օմբուդսմանի հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Համաժողովի քննարկումների առանցքում օմբուդսմանական հաստատությունների զարգացող դերն է, այս հաստատությունների մանդատների ընդլայնումը, անկախության ամրապնդումը, առաջարկների կատարման արդյունավետությունն ու հանրային վստահության բարձրացումը։

Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել Կիպրոսի Հանրապետության վարչարարության և մարդու իրավունքների պաշտպանության հանձնակատար (օմբուդսման) Մարիա Ստիլիանու-Լոտիդեսը, Կիպրոսի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Դեմետրիս Դեմետրիուն և Օմբուդսմանի միջազգային ինստիտուտի եվրոպական տարածաշրջանի նախագահ, Նիդեռլանդների ազգային օմբուդսման Ռեյնիեր վան Զուտֆենը։

Անահիտ Մանասյանը հրավիրված էր ելույթ ունենալու «Բողոքներից դեպի ազդեցություն․ օմբուդսմանական հաստատությունների զարգացող դերը» թեմայով առաջին նստաշրջանի շրջանակներում՝ ներկայացնելով Հայաստանի ՄԻՊ հաստատության և իր՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի փորձառությունը իրավունքների բնագավառում համակարգային փոփոխություններ բերելու հարցում։ Նույն նստաշրջանի բանախոսների թվում են նաև Նիդեռլանդների ազգային օմբուդսման Ռեյնիեր վան Զուտֆենը, Մալթայի խորհրդարանական օմբուդսման Ջոզեֆ Զամմիթ ՄաքՔեոնը և Իսրայելի պետական վերահսկողի և օմբուդսմանական հաստատության օմբուդսմանական գրասենյակի գլխավոր տնօրեն Կարմիտ Ֆենթոնը։

Պաշտպանը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանին և նրա թիմին հաստատության հոբելյանի առթիվ՝ մաղթելով շարունակական արդյունավետ աշխատանք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում։

Ելույթում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ նույն խնդրի վերաբերյալ կրկնվող բողոքները վկայում են համակարգային խնդիրների մասին։ Հետևաբար, հաստատությունների գործունեության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն լուծված անհատական խնդիրների թվով․ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հայեցակարգային փոփոխությունները, որոնց հնարավոր է եղել հասնել համակարգային խնդիրների լուծման համատեքստում։

Այս առումով Պաշտպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զգալիորեն աճել է պետական մարմինների կողմից համակարգային խնդիրների վերաբերյալ ՄԻՊ առաջարկների կատարման մակարդակը․ նախորդ տարվա համակարգային առաջարկների շուրջ 70 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել է։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է անհատական դիմումների քննության արդյունքում արձանագրված համակարգային փոփոխությունների օրինակներ։
Պաշտպանը հատուկ շեշտադրել է, որ օմբուդսմանական հաստատության քննադատությունը պետք է ծառայի իրավունքների խախտումների բացահայտմանն ու դրանց լուծմանը և չդառնա ինքնանպատակ։ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է նաև աջակցի պետական մարմիններին՝ խնդիրները բացահայտելու և մասնագիտական մոտեցմամբ հաղթահարելու գործում։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ հաստատության անկախությունը ենթադրում է արտաքին միջամտության բացառում, սակայն չի նշանակում մեկուսացում մյուս կառույցներից։ Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է անկախությունը համադրել բոլոր դերակատարների հետ կառուցողական համագործակցության հետ։

«Մենք պետք է լինենք բավականաչափ սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու համար, և միաժամանակ՝ բավականաչափ ճկուն՝ խնդիրների լուծման մեխանիզմների շուրջ արդյունավետ բանակցելու հարցում»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով համակարգային փոփոխությունների նախադրյալներին՝ Պաշտպանը նշել է, որ խնդիրները հնարավոր չէ լուծել այն նույն մտածելակերպով և մոտեցումներով, որոնց պայմաններում դրանք առաջացել են։

Անհրաժեշտ է հասնել նաև մարդու իրավունքների ընկալման և դրանց պաշտպանության եղանակների վերաբերյալ մտածելակերպի հայեցակարգային փոփոխության»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը