Ավելին 12 րոպե առաջ - 09:08 09-11-2026

Շքեղության նոր չափանիշ․ չինական BYD-ն ներկայացրել է էլեկտրական լիմուզին՝ ինքնաթիռային բազկաթոռներով

Չինական ավտոարդյունաբերությունը պատրաստվում է նոր մարտահրավեր նետել գերշքեղ ավտոմեքենաների համաշխարհային առաջատարներին։ BYD ավտոկոնցեռնին պատկանող Yangwang ապրանքանիշը ներկայացրել է իր նոր՝ Altior էլեկտրական լիմուզինը, որը ստեղծվել է Rolls-Royce Phantom-ի հետ մրցակցելու հավակնությամբ։

Նորույթը պարզապես էլեկտրական ավտոմեքենա չէ․ այն շքեղության, ժամանակակից տեխնոլոգիաների և չինական ավանդական մշակույթի յուրօրինակ համադրություն է։ 5,6 մետր երկարությամբ և 3,5 մետր անվային բազայով լիմուզինը նախատեսված է նրանց համար, ովքեր ավտոմեքենայից ակնկալում են ոչ միայն հարմարավետություն, այլև բացառիկության զգացում։

Շքեղություն՝ մինչև ամենափոքր մանրուքը

Altior-ի արտաքին տեսքն առանձնանում է մանրակրկիտ մշակված դետալներով։ Առջևի ճաղավանդակի բարդ նախշը փոխվում է՝ կախված լուսավորությունից, իսկ լուսարձակներում տեղադրված 12 առանձին պտտվող տարրերը մեքենայի սեփականատիրոջ մոտենալուն արձագանքում են յուրահատուկ լուսային էֆեկտներով։
Հետևի դռները բացվում են դեպի հետ՝ Rolls-Royce-ի հայտնի ոճով։ Իսկ անհատական նախշերով հատուկ հովանոցները լրացնում են շքեղության ընդհանուր պատկերը։

Սրահ, որը հիշեցնում է մասնավոր ինքնաթիռ

Altior-ի իրական շքեղությունը բացահայտվում է սրահում։ Չորստեղանոց ինտերիերում օգտագործվել են չինական նեֆրիտի դեկորատիվ տարրեր և ավանդական տեխնոլոգիաներով մշակված մետաքսե պաստառներ։

Հատկապես տպավորիչ է հետևի ուղևորների համար նախատեսված տարածքը։ Ոտքերի համար նախատեսված 1209 մմ տարածքը, մերսման գործառույթով բազկաթոռներն ու ամբողջությամբ բացվող նստատեղերը մեքենան վերածում են շարժական հանգստի գոտու։

Հանգստի ռեժիմն ակտիվացնելիս վարագույրները փակվում են, լուսավորությունը մեղմանում, իսկ ոտնահենակները դուրս են գալիս։ Առաստաղից իջնող 21,4 դյույմ էկրանը նախատեսված է ինչպես ժամանցի, այնպես էլ տեսակոնֆերանսների համար։ Մեքենայում տեղադրված են նաև առանձին սառնարաններ՝ առջևի և հետևի հատվածներում։

Հատկանշական է, որ արտադրողը չի հրաժարվել ֆիզիկական կոճակներից ու անջատիչներից՝ նախապատվությունը տալով թվային և ավանդական կառավարման համադրությանը։

Ավելի քան 1000 կմ՝ մեկ լիցքավորմամբ

Տպավորիչ է նաև տեխնիկական կողմը։ Yangwang Altior-ը կստանա չորս էլեկտրաշարժիչից բաղկացած ուժային համակարգ և DiSus ակտիվ կախոց, որը կարող է հետևել ճանապարհի վիճակին ու նախապես հարմարվել անհարթություններին։

Արտադրողի նախնական տվյալներով՝ լիմուզինը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել ավելի քան 1000 կմ՝ չինական CLTC փորձարկման ցիկլով։ Նշենք, որ այս մեթոդաբանությամբ ստացված ցուցանիշները սովորաբար ավելի բարձր են, քան եվրոպական փորձարկումների արդյունքները։ Շարժիչների ճշգրիտ հզորության և այլ տեխնիկական բնութագրերի մասին դեռ տեղեկություններ չեն հրապարակվել։

Altior-ը կդառնա Yangwang-ի մոդելային շարքի առաջատարը, որտեղ արդեն ներկայացված են U7 սեդանը, U8 ամենագնացը և U9 հիպերքարը։

BYD-ում ավելի վաղ հայտարարել էին, որ Yangwang ապրանքանիշը նախատեսում է 2028 թվականին մուտք գործել եվրոպական շուկա։ Սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք Altior-ը նույնպես հասանելի կլինի եվրոպացի գնորդներին։

Եթե նորույթը հասնի շուկա՝ հայտարարված բնութագրերով, այն կարող է լուրջ մրցակցություն ստեղծել գերշքեղ ավտոմեքենաների ավանդական արտադրողների համար։

Հատկանշական է, որ մինչ Rolls-Royce-ն իր էլեկտրական Spectre-ն առաջարկում է կուպեի թափքով, Yangwang-ը հավակնում է ներկայացնել էլեկտրական շքեղության բոլորովին այլ ձևաչափ՝ լիարժեք ներկայացուցչական լիմուզին։
Արդյո՞ք չինական տեխնոլոգիաները կկարողանան սասանել Rolls-Royce-ի տասնամյակներով ձևավորված հեղինակությունը․ այս հարցի պատասխանը կտա ժամանակը։