Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 6-ի ամփոփ լուրերը:
Իշխանությունները տարբեր հարթակներից սկսել են նախապատրաստել հանրությանը առաջիկա տնտեսական ցնցումներին ու թանկացումներին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում խոստովաննում է՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը՝ դանդաղեցնելով աճն առնվազն 1,5 տոկոսով։ Ըստ նախարարի՝ նոր մաքսատուրքերի սահմանման դեպքում տնտեսական աճը կգահավիժի մինչև 5 տոկոս, իսկ ԵԱՏՄ զեկույցում արդեն իսկ նախազգուշացվում է գազի գնի հնարավոր թանկացման մասին։ Եվ ահա, արտաքին այս ռիսկերին զուգահեռ, պարզվում է, որ թանկացումների ալիքն անմիջապես հասնելու է շարքային քաղաքացու գրպանին։ Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի բացառել, որ մինչև դեկտեմբերի վերջ հայտարարվելիք նոր սակագներով հոսանքը կարող է թանկանալ։ Նա ուղղակիորեն հայտարարում է՝ «ցանկացած ներդրում լրացուցիչ բեռ է դառնում սակագնի վրա, և դա անվերջ զսպելն անհնար է»։ Ավելին՝ Մեսրոպյանը բաց տեքստով ակնարկում է․ բավական է երկրում գազի գինը բարձրանա, և էլեկտրաէներգիայի սակագինը համամասնորեն կթանկանա՝ հորդորելով թանկացումը «որպես աղետ չդիտարկել։
Իշխանությունը շարունակում է իր առանցքային կադրերով համալրել դատական համակարգի բարձրագույն ատյանները։ Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի նախագահ․ այդ պաշտոնը ստանձնեց «Քաղաքացիական պայմանագրի» կարկառուն դեմքերից՝ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Փակ քվեարկությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0։ Սա թերևս քաղաքական երկակի ստանդարտների ամենացայտուն դրսևորումն է։ Հիշենք, թե ինչպես էր տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր ամբիոններից հարձակումներ ու արշավներ հրահրում ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դեմ՝ որպես գլխավոր մեղադրանք առաջ քաշելով նրա «ՀՀԿ-ական անցյալն» ու կուսակցական պատկանելությունը։ Եվ ահա, «կուսակցականացված դատարանների» մասին սեփական թեզերը հանգիստ աղբամանը նետելով՝ նույն իշխանությունը Սահմանադրական դատարանի ղեկավար է նշանակում հենց իրենց կուսակցական թիմակցին։ Թեև Վարդանյանը հայտարարել է ՔՊ-ին իր անդամակցությունը դադարեցնելու և պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, քաղաքական շրջանակներում սա դիտարկվում է որպես Սահմանադրական դատարանի վերջնական քաղաքականացում և իշխանության ամբողջական վերահսկողության հաստատում․ ՀՀԿ-ականին հանեցին, որպեսզի ՍԴ նախագահի աթոռին նստեցնեն սեփական ՔՊ-ականին։
Սխալ հեռախոսազանգ, հայհոյանքներ ու կրակոցներ Արարատի մարզում․ Արբաթ գյուղում կենցաղային վեճը վերածվել է զինված բախման։ Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ գյուղի բնակիչներից մեկը սխալմամբ զանգահարել է համագյուղացուն, ինչին ի պատասխան լսել է սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո հայհոյողն իր աջակիցների հետ գնացել է «պարզաբանումների», որտեղ ծեծկռտուք է սկսվել։ Վիճաբանության ընթացքում ծեծի ենթարկված տղամարդը հանել է ատրճանակն ու կրակոցներ արձակել, այդ թվում՝ դիմացինի ոտքերի ուղղությամբ։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կրակողին ձերբակալել են, իսկ զենքը՝ առգրավել։ Իրավապահները փնտրում են միջադեպի մյուս մասնակիցներին։
Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու նախաձեռնությունը բախվում է Բաքվի լռությանն ու Երևանի անտարբերությանը։ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու, հենց որ պաշտոնապես համաձայնեցվեն այցի հնարավորությունն ու անվտանգության երաշխիքները։ Զոնաբենդը բացահայտում է՝ դեռևս հունիսից բազմիցս դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն պատասխան չի ստացել, իսկ ադրբեջանական մամուլում սպառնացել են իր հնարավոր ձերբակալությամբ։ Ավելին՝ օգոստոսից Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տալիս տեսակցել նույնիսկ տեղացի փաստաբանին։ Ցավալին այն է, որ դիվանագիտական աջակցության համար ՀՀ ԱԳՆ ներկայացված գրավոր հարցումն էլ մինչ օրս մնում է անպատասխան։ Չնայած խոչընդոտներին՝ հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակները փոխանցվել են Հայաստանի կառավարությանը՝ դրանք Բաքու հասցնելու ակնկալիքով։
Ահաբեկչական տագնապ և քաոս Եվրոպայի երկնքում․ արդեն երկրորդ օրն անընդմեջ ուղևորատար ինքնաթիռները զանգվածային ականապատման սպառնալիքների մասին հաղորդագրություններ են ստանում։ Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահազանգերի պատճառով առնվազն 35 ինքնաթիռ կա՛մ արտակարգ խուզարկվել է, կա՛մ ստիպված է եղել փոխել ուղեգիծը։ Իրավիճակը ծայրահանդիպ կրիտիկական է եղել Հունգարիայում, որտեղ պաշտպանության նախարարության որոշմամբ կործանիչներ են օդ բարձրացվել՝ քաղաքացիական ինքնաթիռներն ուղեկցելու համար։ Ականապատման հաղորդագրություններ են ստացվել նաև Չեխիայում և Ֆրանսիայում։ Թեև մանրակրկիտ ստուգումներից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները լայնամասշտաբ հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե ով է կանգնած Եվրոպան ահաբեկող այս կեղծ, բայց վտանգավոր ահազանգերի հետևում։
Ընդդիմադիր դաշտում լայնամասշտաբ համախմբման նոր գործընթաց է սկսվում։ 12 ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարել են համազգային ճակատ ձևավորելու մասին՝ օրակարգում ունենալով չորս առանցքային հարց․ ադրբեջանական պահանջներով սահմանադրական փոփոխությունների կանխում, խաղաղության հաստատում՝ առանց միակողմանի զիջումների, ժողովրդավարական ազատությունների վերականգնում և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ ձևավորված օրակարգի շրջանակներում առաջիկայում հանդիպում կկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Ըստ պատգամավորի՝ ազգային ինքնության և Եկեղեցու պաշտպանությունն այս նախաձեռնության առաջնային նպատակներից է։
Վտանգավոր քաղցրավենիք՝ երեխաների համար․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգում է շուկայում հայտնաբերված կեղծված և անորակ «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի մասին։ ՍԱՏՄ-ի իրականացրած լայնածավալ ստուգումների արդյունքում Երևանի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են «Կինդերի» մեծ խմբաքանակներ, որոնց պիտանիության ժամկետները եղել են կեղծված ու փոխված, բացակայել են անվտանգությունը հավաստող փաստաթղթերն ու հայերեն մակնշումը։ Տեսչական մարմինն անմիջապես արգելել է այդ ապրանքատեսակների իրացումը և հորդորում է տնտեսավարողներին ու սպառողներին լինել ծայրահեղ զգոն, կասկածելի խմբաքանակներ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել 118 թեժ գծին։
Ջրամատակարարման խրոնիկ վթարների ու անջատումների ֆոնին իշխանությունները փորձում են պատասխանատվության սլաքները հեռացնել մասնավոր օպերատորից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարում է՝ «Վեոլիա Ջուրը» ջրային համակարգի սեփականատերը չէ և պատասխանատու չէ դրա ֆիզիկական մաշվածության համար։ Ըստ ՀԾԿՀ ղեկավարի՝ կառավարությունը համակարգը տվել է ընկերությանը միայն շահագործման, իսկ վերազինումն ու վերակառուցումը տարիներ ի վեր եղել է բացառապես պետության պարտականությունը։ Մեսրոպյանը պնդում է, որ իրենք միակ իշխանությունն են, որ վերջապես որոշել են լուրջ ներդրումներ անել ոլորտում, թեև սպառողները շարունակում են ամենօրյա ռեժիմով զգալ քայքայված համակարգի հետևանքները։
Տեսանյութ: