««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Սահմանադրական դատարանում սպասվող ընտրությունը կարող է վերածվել իշխանության ակնկալիքների և դատավորների իրական ընտրության բախման։ Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։
Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Եվ այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանի մենախուց են տեղափոխել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանին: Մինչ այդ Ծառուկյանը` իր իսկ ցանկությամբ, կալանավորման առաջին իսկ օրվանից խցում մենակ է եղել։ Օրենքը դա թույլատրում է: Մենախցերում են իրենց կալանքը կրում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը:
--
«Իրավունք» թերթը գրում է. «Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում. «Նախկին թալանչիներ են ջրի երես դուրս գալու, ովքեր տակից են գործել հիմա ճաղերի համն ու հոտը կզգան»,- ԱԺ պատերի տակ ինքնագոհ իրար կարծես աչքալուսանք տալով ասում են ՔՊ-ականները»։
-
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գևորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել, «մատնիչներ» գտնել, որոնք Փարսյանի դեմ հաղորդում կտան։
Շաբաթներ առաջ թերթը գրել էր, որ ՔՊ-ն ուզում է Փարսյանի դեմ կեղծ ընդդիմադիր թեկնածու մտցնել խաղի մեջ, որ ՔՊ-ի հիմնական թեկնածու Նարեկ Բաբայանի հետ գոնե հետընտրական կոալիցիայով իշխանությունը Կապանում վերցնելու շանս ունենան, սակայն դա չհաջողեց, հիմա այլ կեղտոտ օպերացիաներ են ծրագրում»։
--