Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ն պարտադիր չէ, որ ընդդիմության համաձայնությունը ստանա։ Գոյություն ունի նաև այլ ճանապարհ՝ քաղաքացիների նախաձեռնությունը։ Եվ եթե իշխանությունն իսկապես համոզված է, որ նոր Սահմանադրությունն ընդունելի է հասարակության համար, ապա ինչո՞ւ չի ցանկանում այդ ճանապարհով գնալ։
Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու միակ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է։ Փաշինյանը խոսում է ընդդիմադիր գործընկերներին համոզելու, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, սպառնում, որ ժողովուրդը ցույցեր կանի ընդդիմության դեմ, կճնշի նրան և կստիպի ընկրկել ու կողմ քվեարկել Սահմանադրության նախագծին։
Նախօրեին էլ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց չարգելափակել նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի դնելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը համոզված է, որ ժողովուրդը դեմ է այդ տեքստին կամ այն վատն է, պետք է հնարավորություն տա, որ քաղաքացիներն իրենց դիրքորոշումն արտահայտեն։
Սակայն այստեղ մի տարօրինակ հակասություն կա։ Իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե ցանկանում է, որ ժողովուրդն արտահայտվի նոր Սահմանադրության վերաբերյալ, մյուս կողմից՝ ամբողջ քաղաքական բանավեճը կառուցում է ընդդիմությանը համոզելու կամ նրան հանրային ճնշման միջոցով զիջումների պարտադրելու շուրջ։
Իրականում՝ ընդդիմության դիրքորոշումը հաղթահարելու համար իշխանությունը ունի այլ ճանապարհ։ Այդ ճանապարհի իրավական հնարավորությունները պետք է ճիշտ ներկայացնել։ ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն նաև ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացիները։ Սա չի նշանակում, որ 200 հազար ստորագրություն հավաքելով՝ հնարավոր է շրջանցել Ազգային ժողովը և ինքնաբերաբար Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի։ Նախագիծը հանրաքվեի դնելու որոշման համար դարձյալ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի քվեն։
Սակայն ստորագրահավաքով կարող են ցույց տալ, որ նախագիծը ժողովրդի սրտով է, ժողովուրդն ուզում է, որ նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի։ Եթե պատրաստ են ցույց անել ԱԺ-ի դիմաց ու համոզել ընդդիմադիրներին, ապա նույնը կարող են անել առանց անկարգությունների՝ կազմակերպելով ստորագրահավաք ու ցույց տալով, որ 200 հազար քաղաքացիներ իսկապես ուզում են, որ Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի։
Ստորագրահավաքը բարոյական ուղիղ ճնշում կլինի ընդդիմության վրա։ Եթե դրանից հետո էլ ընդդիմությունն անդրդվելի մնա, ինչը քիչ հավանական է, ապա նոր կարող են լուծարել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել։
Կարճ ասած՝ եթե ՔՊ-ն իսկապես ցանկանում է, որ ժողովուրդն արտահայտվի նոր Սահմանադրության վերաբերյալ, ապա առաջին հերթին պետք է հրապարակի ամբողջական նախագիծը, ներկայացնի դրա հիմնավորումները և հասարակությանը հնարավորություն տա հասկանալու, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում, ինչ նպատակով և ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանք Հայաստանի պետականության համար։ Հետո կազմակերպի հրապարակային ստորագրահավաք, ինչպես արել են, օրինակ, Հայաքվեն, Եվրաքվեն, ինչպես ուզում էր անել Աննա Հակոբյանը։ Նույնպես կարող է անել ՔՊ-ն, հավաքել 200 հազարը և այդպիսով հարցում ներգրավել ժողովրդին, նրան մասնակից դարձնել նախաձեռնությանը։
Իսկ այսօր Փաշինյանը փորձում է հասարակությանը տրամադրել ընդդիմության դեմ՝ ներկայացնելով, թե նա հանրաքվեի ճանապարհը փակում է։ Սա, մեղմ ասած, տարօրինակ մոտեցում է։ Եթե իշխանությունը վստահ է իր առաջարկած փոփոխությունների արդարացիության և հանրային աջակցության հարցում, ապա վաղն իսկ կսկսեն ստորագրահավաքը։ 200 հազարն ի՞նչ է, որ չհավաքեն։ Տեսնենք՝ դրանից հետո ընդդիմությունը դեմ կլինի՞։
Թաթուլ Մկրտչյան