Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 2026 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստում հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցը սահմանել է Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների 2026 թվականի նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Արագածոտնի և Սյունիքի մարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։
Նիստում սահմանվել են նաև 2027 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։