«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել:
Իջեւանից մեզ ասացին, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին եւ սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց: Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել եւ հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջեւանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է:
«Հրապարակի» հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ստացված հաղորդումով կազմված փաստաթղթերն ու նշված անձը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»: Այլ մանրամասներ չհայտնեցին:
Դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ընթացիկ խնդիր է, ոչ մի լուրջ բան` կլուծվի: Խնդրում եմ այլ հարցեր չտաք: Եթե եղել էլ է նման բան, խնդիրը կարող է լուծվել եւ լուծվել է արդեն: Ոչ մի խնդիր հիմա չկա: Երեխայի հետ ոչ մի խնդիր չկա»:
Նկատենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուսուցիչը հայտնվում է ոստիկանությունում` աշակերտին հարվածելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։