Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:30 12-10-2026

Ինչո՞ւ է Փաշինյանը խառնում անցյալն ու ապագան

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Վերացարկումները թույլ են տալիս դիտել առարկաները, երևույթները երևակայական դիրքերից։ Սակայն քաղաքական վերացարկումները վտանգավոր են, քանի որ ստեղծում են կեղծ պատկերներ, իրականությունից կտրում քաղաքական գործչին, որը կարող է ընդունել ազգի կամ մարդկության համար աղետալի որոշումներ։

Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանին ճնշում են իր աղետալի սխալները, որոնց հետևանքով պետությունն ու ժողովուրդը մեծապես տուժել են։ Հոկտեմբերը նրան հավանաբար՝ հիշեցնում է, թե ինչ սխալ որոշումներ է ընդունել 44-օրյա պատերազմի օրերին։ Պատմությունը կարծես՝ հետապնդում է նրան, անվերջ հիշեցնելով նրա պարտությունները։ Եվ տրամաբանական է, որ նա պետք է անցյալի ճնշումներից ազատվելու ուղիներ փնտրի։ Առավել մտահոգիչ է այն միտքը, որ պատմությունը կրկնվելու հակում ունի։ Հավանաբար՝ սա ևս, վախեցնում է նրան։ Նա մի քանի անգամ հայտարարել է, թե գիտակցում է իր սխալները։ Սակայն նա էապես չի փոխել քաղաքական կուրսը։ Ուստի՝ ողջամիտ կասկած կա, որ նույն աղետները կարող է կրկնվել նաև վաղը։

Այս իրավիճակից դուրս գալու համար նա չլսված վերացարկում է անում։

«Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետեւ այն ստեղծվում է հիմա եւ պետք է ստեղծվի վաղը։ Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել եւ ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։ Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել եւ թերեւս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող։ Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատեւ պետության ռազմավարության իրագործումը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով»։

Այս վերացարկումը հակագիտական է, վիրավորանք պատմության դիսցիպլինի նկատմամբ։ Պատմագիտական համայնքը ենթադրաբար՝ խոսքը կասի, կպաշտպանի ճշմարտությունը, որ պատմության մասին պատկերացումները չաղավաղվեն։

Իսկ քաղաքական գործչի համար իրապես օգտակար կլինի, երբ պատմությունը դիտարկվի ոչ թե որպես փորձանք, այլ փորձառություն։ Դրանց էական տարբերության մասին հրապարակախոսական հոդված ունի Հովհաննես Թումանյանը։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ պատմական տեքստերից դասեր են քաղում, փորձառություն ձեռք բերում։ Այս առումով՝ Փաշինյանը նորություն չի ասում։ Սակայն հաջորդիվ արված սպելկուլյացիան հիասթափեցնող է։

Պատմությունը կրկնվելը սարսափեցնում է միայն նրան, ով կարծում է, թե այն ամբողջությամբ նահանջի, պարտության, կորուստների մասին է։ Եվ հակառակը՝ ոգևորում է նրան, որը սևեռվում է հաղթանակների վրա, կարծելով, որ այսօր կամ առաջիկայում կարող ենք նույնպիսի հաղթանակներ տանել, ինչպես անցյալում։ Այս առումով՝ պատմության կրկնությունը կամ վերարտադրությունը երբեմն դրական է։ Ցավոք՝ Փաշինյանի օրոք դեռ միայն պարտություն ու նահանջ է արձանագրվել։ Ուստի՝ բնական է, որ նա վախենում է դրանց կրկնությունից, պատմության վերարտադրությունից։ Եվ նա, կարծես, պինդ փակում է իր աչքերը, որ չտեսնի, թե ինչ է արել անցյալում, որ դրանք չկրկնվեն առաջիկայում։

Ենթադրելի է, որ այս վախի տակ էլ արվել է հակագիտական սպեկուլյացիան, թե պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցել, այլ այն, որը պետք է տեղի ունենա։ Չհիմնավորված լավատեսություն կա, որ այս սպեկուլյացիան ոչ ոք լուրջ չի ընդունի, պատմությունը կմնա իր տեղում, ապագան՝ իր։ Եվ Փաշինյանն էլ կհիշվի իր գործերով՝ և՛ վատ, և՛ լավ։ Այսօրվա դրությամբ՝ նա ավելի շատ վատ գործերով կարող է հիշատակվել պատմության էջերում։ Եվ հավանաբար՝ սա է նրան մղել պրիմիտիվ սպեկուլյացիա անել, խառնել անցյալն ու ապագան, թյուրիմացություն առաջացնել ամենահին դիսցիպլինի մասին։

Կարճ ասած՝ պատմության նկատմամբ Փաշինյանի հակագիտական վերաբերմունքը ողջամիտ մտավախություն է առաջանցում, որ նա կարող է նորից կտրվել քաղաքական ռեալությունից ու աղետալի որոշումներ ընդունել, ինչպես նախընթաց տարիներին։ Իսկ եթե այս մտավախությունն անհիմն է, ապա նա առաջիկայում էապես կվերանայի ՀՀ քաղաքական այն կուրսը, որը մեզ մեծ աղետներ է պատճառել։ Գուցե այդ վերափոխման արդյունքում նրա անունը միայն վատով չհիշվի պատմության մեջ։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
15:29 Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները