Ուղիղ եթեր
Ներքին Միտք 34 րոպե առաջ - 20:00 07-10-2026

Ով ներողություն կխնդրի Վարդան Ղուկասյանից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՄԻԵԴ-ը պարտավորեցնում է ՀՀ իշխանությանը փոխհատուցում վճարել հայցվորին անարդար դատավճիռների և մարդու իրավունքների խախտումների համար։ Իսկ երբ ՀՀ դատարանն է արդարացնում մարդուն, ապա քննչական մարմինը փոխհատուցում չի տալիս, ներողություն չի խնդրում։ Սա նորմալ չէ։ Չէ՞ որ արդարացման վճիռը նշանակում է, որ մարդն արդար է, սխալմամբ է կասկածվել հանցանքի մեջ։ Ինչո՞ւ կասկածողները նրանից ներողություն չեն խնդրում։

Օրինակ՝ դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում: Կարծում եմ, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը։ Եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2025-ին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոշտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին: Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, կատարել են խուլիգանություն:

Եվ հիմա, երբ դատարանը նրանց արդարացրել է այս դրվագով, ո՞վ է փոխհատուցելու կամ ներողություն խնդրելու այս քաղաքացիներից։

Խնդիրը կարևոր է մի քանի առումներով։

Առաջին հերթին սա կարևոր է պաշտոնյաների պատասխանատվության գիտակցումը բարձրացնելու առումով։ Երբ արդարացված քաղաքացուն փոխհատուցում վճարելն ու նրանից ներողություն խնդրելը դառնան նորմ, ապա քննիչները մի քիչ կմտածեն, նախքան քաղաքացուն մեղադրանք առաջադրելը, քաղաքական պատվեր իջեցնողը ևս կզսպվի, քանի որ վերջում իրենք են վճարելու ու ներողություն խնդրելու։ Բոլորն էլ գիտեն, որ պատասխանատու պաշտոնյաները քիչ սխալներ են անում և քիչ վնաս պատճառում ժողովրդին ու պետությանը։ Ուստի արդյունավետ կլինի, եթե արդարացված վճիռներին հաջորդեն ներողությունն ու փոխհատուցումը, որ մյուս պաշտոնյաները խորը պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց որոշումներին։

Ակնկալվող հաջորդ արդյունքը սոցիալ վարքաբանության առողջացումն է։ Ներկայումս բոլորը բոլորին կասկածում են սրիկայության կամ հիմարության մեջ։ Օրինակ՝ երբ մարդը դիմում է բժշկի, ապա կանխավ կասկածում է, որ նա կեղծում է ապահովագրությունից գումար կորզելու համար։ Կամ ԿԸՀ նախագահի խոսքը լսելիս, մարդկանց մի մասը կասկածում է, որ նա պարզապես ստում է։ Երբ քաղաքացին դիմում է իշխանություններին ինչ-որ խնդրով, ապա նրանից տասնյակ տեղեկանքներ են պահանջում, քանի որ չեն հավատում նրա խոսքին, պոտենցիալ ստախոս են համարում։ ՔՊ-ականները կարծում են, թե բոլոր ընդդիմադիրները թալանչի են և Կրեմլի ագենտ։ Այսինքն՝ բոլորը բոլորին կասկածում են վատ բաների մեջ, բոլորի համար նորմալ է համարվում, որ բոլորը սրիկա են։ Արդյունքում՝ սրիկա լինելը նորմալ է համարվում։ Սրանից սարսափելի բան կա՞։

Իսկ եթե արդարացված քաղաքացուց ներողություն խնդրելը դառնան նորմ, ապա սովորական մարդիկ կընդօրինակեն և իրենք ևս ներողություն կխնդրեն նրանցից, որոնց կասկածել են, իսկ հետո պարզել, որ սխալվել են։

Մարդկանց մեծ մասը հոգեբանորեն խոցելի են։ Եթե բոլորը կասկածում են, որ մարդը հանցագործ է կամ հիմար, ապա նա ակամա դառնում է այդպիսին։ Իսկ մարդու հանդեպ վստահությունը բարձրացնում է նրան, ազնվացնում, նա դառնում է բարի, առաքինի, արդարամիտ, քանի որ մարդիկ իր մասին բարձր կարծիք ունեն։ Մարդն ուզում է արդարացնել իր մասին հանրային բարձր կարծիքը։ Այսինքն՝ մարդու հանդեպ վստահության արդյունքում կպակասեն սրիկաները, սրիկա լինելը կորակվի վատ բան, հանցագործությունները կնվազեն, հասարակությունը հոգեբանորեն կառողջանա, ինչը դրականորեն կանդրադառնա նաև պետության զարգացման վրա։

Պարզ ասած՝ Վարդան Ղուկասյանի արդարացումը հույս է ներշնչում, որ ունենք արդար դատարան։ Լավատեսություն կա նաև, որ նրան մեղադրանք առաջադրողն ու քաղաքական պատվիրատուն ներողություն կխնդրեն, գիտակցելով, որ այդպիսով կնպաստեն քաղաքական պատասխանատվության խորացմանը, սոցիալ-հոգեբանության առողջացմանն ու ընդհանուր բարեկեցության աճին։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին