ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտում 28-ամյա լաբորատոր տեխնիկ Դարիա Շիպիլովայի հնարավոր մահվան մասին հաղորդագրությունների ֆոնին: Երկու պետությունների ղեկավարները «նախատեսում են զրույց մոտ ապագայում», - երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա քննարկել է միջադեպը Պուտինի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապի մեջ է Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ և առաջարկել է տեխնիկական աջակցություն, հոկտեմբերի 7-ի գիշերը հայտարարեց ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Նա նաև գրել է, որ ԱՀԿ հարցմանը ի պատասխան՝ Ռուսաստանի առողջապահական մարմինները հայտնել են, որ վերջերս Իրկուտսկի մարզում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել։
«Նրանք ԱՀԿ-ին տեղեկացրել են, որ անցկացվել է համաճարակաբանական հետաքննություն, ձեռնարկվել են կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ, և հայտնաբերված կոնտակտավորները ենթարկվել են բժշկական հսկողության և թեստավորվել են։ Նրանք հայտնել են, որ կոնտակտավորների շրջանում բարձր ռիսկի հարուցիչներ չեն հայտնաբերվել, և որ բոլոր հայտնաբերված կոնտակտավորների բժշկական հսկողությունն ավարտվել է»,- շարունակել է ԱՀԿ ղեկավարը։