«Հրապարակ» թերթը գրում է․ «Շաքիի իրադարձություններից օրեր անց տեղի ունեցավ առաջին պաշտոնանկությունը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանի, որի պատասխանատվության հիմնական ուղղությունն ԱԱԾ սահմանապահ զորքերի համակարգումն է։
Սահմանը խախտելու մասին ինֆորմացիա ստանալուց հետո բոլոր կառույցները պետք է համակարգված աշխատեին, ինչ-որ շառավղով շրջափակեին ու «սանրեին» ողջ տարածքը եւ, անկասկած, ժամերի ընթացքում կգտնեին սահմանախախտին, սակայն ոչ միայն դա չի արվել, այլեւ չեն իրազեկել մոտակա համայնքների բնակիչներին։ Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն նաեւ ՊՆ-ում, այլ կառույցներում, որոնք պատշաճ չեն արձագանքել արտակարգ իրավիճակին»։
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի Ծավ բնակավայրում խմելու ջրի մեջ սնդիկի հայտնաբերման պատմությունը նոր ու բավական ուշագրավ շրջադարձ է ստացել։ Երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Ծավի խմելու ջրի ավազանի հարևանությամբ հայտնաբերվել են ապօրինի լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքների հետքեր։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ չշահագործվող հանքախորշերից երեք անձ ձեռքի հորատման գործիքներով ապօրինի աշխատանքներ են իրականացրել։ Դեպքի վայրում՝ խմելու ջրի աղբյուրից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր գործիքներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև պարկերով լցված հանքաքարեր։ Երեք անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից մեկը կալանավորվել է»։
--
«Փաստ» թերթը գրում է. «Արթիկ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն է սպասվում։ Տեղում վստահություն կա, որ հիմնական պայքարը ծավալվելու է գործող համայնքապետի և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանի միջև։ Թերթի տեղեկություններով, Աստոյանին աջակցում են նաև ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր, ինչը զգալիորեն ուժեղացնում է նրա դիրքերը։ Իսկ եթե հաջողվի իրականացնել հետընտրական ընդդիմադիր միավորում, ապա հնարավոր է Արթիկում ՔՊ-ին զրկել իշխանությունից։
--