Արտաքին 57 րոպե առաջ - 12:40 04-10-2026

Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է նոր քայլերով

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը մնում է «աներեր», իսկ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ունի գործողությունների բոլոր անհրաժեշտ տարբերակները, եթե Իրանը շարունակի «խաղեր տալ» նեղուցի շուրջ, հայտնում է Associated Press-ը։

«Իրանը ցանկանում է խաղեր տալ Հորմուզի նեղուցի հետ։ Նրանք այն չեն վերահսկում՝ մենք ենք վերահսկում»,- շաբաթ օրը լրագրողներին ասել է Հեգսեթը։ Ըստ նրա, շրջափակման շնորհիվ նեղուցով գործնականում ոչինչ չի անցնում, մինչդեռ ամերիկյան ուժերը շարունակում են ապահովել նավերի երթևեկությունը գրեթե մինչպատերազմյան մակարդակով՝ ամեն գիշեր։

Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր դիրքերը համարում է «շատ ուժեղ» և կոչ է արել Իրանին «ճիշտ ընտրություն կատարել»։ Հակառակ դեպքում, ըստ նրա, Թրամփն իր տրամադրության տակ ունի գործողությունների բոլոր անհրաժեշտ տարբերակները։
«Նախագահը թույլ չի տա, որ այս իրադարձություններն անհարկի ձգձգվեն։ Նա հասկանում է, թե որն է խնդիրը, և մենք կարող ենք այն կատարել, երբ ստանանք համապատասխան հրամանը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Հեգսեթը նաև հայտարարել է, որ Թրամփը մտադիր է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։