Ընդդիմադիր ուժերի մի զգալի մասն առաջնային նպատակ է հռչակել իշխանափոխությունը, սակայն ընդդիմադիրներն ակնհայտ պասիվություն են ցուցաբերում ՏԻՄ ընտրություններում։
Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին։
Պատճառները կարելի է դասակարգել երկու խմբի՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառների շարքում են կուսակցությունների չկայացած վիճակը, քաղաքական սակավագիտությունը, Վարդան Ղուկասյանի, Մամիկոն Ասլանյանի և շատ այլ համայնքապետերի նկատմամբ հետապնդումներից տարածվող վախը։ Սուբյեկտիվ գործոնների շարքում կադրային սովն է և անկազմակերպվածությունը։
Կուսակցությունների չկայացած լինելու ուղղությամբ հատուկ աշխատանք են տանում իշխանությունները։ Այն կուսակցությունները, որոնք մարդկային կամ նյութական պոտենցիալ են գեներացնում, հայտնվում են բռնաճնշումների ներքո։ Պետության կողմից ֆինանսավորում ստանում են ոչ բոլորը, դրա ծավալն էլ բավարար չէ կուսակցության զարգացման համար։ Գործարարներին վախեցնում են և թույլ չեն տալիս գումար հատկացնել ընդդիմադիր կուսակցություններին, նպաստել նրանց հզորացմանը։
Սակավագիտությունն առանձին ու ցավոտ խնդիր է։ Կուսակցականների շրջանում քաղաքական տգիտությունը աղետալի մեծ տոկոս է կազմում։ Քաղաքական տարրական գիտելիք շատերը չունեն։ Նույնիսկ պատմության մասին բավարար իմացություն չունեն քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը։ Կուսակցությունների մեծ մասը միջոցներ չունեն դպրոցներ պահելու, մարդկանց կրթելու, ավագանի և համայնքապետ պատրաստելու համար։
Ընդդիմադիր համայնքապետների, ավագանու անդամների դեմ հետապնդումները ընդհանուր հիասթափություն են առաջացնում։ Ընդդիմադիր գործիչները ողջամիտ մտավախություն ունեն, որ ՏԻՄ ընտրություններում հաղթելուց և համայնքապետի աթոռը զբաղեցնելուց հետո հայտնվելու են բանտում, ինչպես բազմաթիվ ընդդիմադիր գործիչները, որոնք հաղթել են ՏԻՄ ընտրություններում։
Կադրային սովը ևս լուրջ խնդիր է։ Մարդիկ փաստացի զբաղվում են քաղաքականությամբ, սակայն իրենց քաղաքական գործիչ չեն համարում։ Նույնիսկ համայնքապետները թյուրիմացաբար ասում են, թե քաղաքական գործիչ չեն, այնինչ համայնքապետը տվյալ համայնքի տարածքում քաղաքականություն որոշողն է։ Կուսակցականների մեծ մասն իր պատվից ցածր կամ անիմաստ զբաղմունք է համարում ավագանի լինելը։ Հնարավորի արվեստի մասին տարրական նորմը շատերի կողմից ուղղակի արհամարհվում է։ Գուցե կուսակցությունը տեղերում ունի ազնիվ, նվիրված համակիրներ, սակայն համայնքապետի, ավագանու թեկնածուների չափանիշներին բավարարող մարդիկ չկան։
Այստեղ բնական հարց է առաջանում։ Եթե կուսակցությունների վիճակն այսքան ողբալի է, ապա ինչպե՞ս են նրանք մեծ-մեծ խոսում իշխանափոխության մասին։
Ասում են, թե ԱԺ անցած «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ ունեն։ Եվ եթե նրանք էլ են պասիվ մասնակցում ՏԻՄ ընտրություններին, նշանակում է՝ նրանք այլ հետաքրքրություններով են մտել քաղաքականություն, այսինքն՝ չեն ուզում իշխանություն դառնալ։ Հետևապես՝ չեն ուզում անիմաստ փող ծախսել ՏԻՄ ընտրություններում։
Ասում են, թե մի քանի ընդդիմադիր ուժեր ուղղորդվում են Մոսկվայից։ Գուցե նրանց արտաքին գործընկերները թույլ չե՞ն տալիս ամբողջ թափով մասնակցել տեղական ընտրություններին կամ այնպես չեն աջակցում նրանց, ինչպես հունիսի 7-ին։ Իսկ գուցե նրանք հաստատ գիտեն, որ եթե նույնիսկ որոշ համայնքներում հաղթեն, ապա միևնույն է՝ ԱԺ ընտրություններում պարտվելու են, ինչպես պարտվեցին հունիսի 7-ին։
Կարճ ասած՝ ընդդիմության պասիվ վերաբերմունքը ՏԻՄ ընտրություններին ապաքաղաքական մոտեցում է։ Այդպես նրանք ավելի են թուլանում տեղերում, և նվազում է իշխանափոխության հավանականությունը։ Հիշենք, որ 2025-ին Գյումրիում ընդդիմության միացյալ հաղթանակը ոգևորել էր ընդդիմադիր ուժերին, հույս ներշնչել, որ կարող են 2026-ի հունիսի 7-ին հաղթել նաև ԱԺ-ում։ Գոնե այս հույսը վառ պահելու համար ընդդիմադիրները պետք է որոշ համայնքներում մասնակցեն ՏԻՄ ընտրություններին։
Թաթուլ Մկրտչյան