Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 54 րոպե առաջ - 10:35 29-09-2026

Թիրախում Գևորգ Փարսյանն է. ՀՀԿ-ն ակտիվանում է. Դատավորները ժողովի են պատրաստվում. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։

Համայնքապետ Գևորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առջեւ, ինչպես Սյունիքի երբեմնի ընդդիմադիր մյուս համայնքապետերը։

Փարսյանի վարկանիշն էլ բավականին բարձր է, ուստի առաջիկա ընտրություններին իշխանությունը մտահոգված է այդ փաստից, ու որպեսզի Կապանը «չկորցնեն», մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում։

Թեպետ իշխանական շրջանակներից չեն բացառում նաեւ, որ հնարավոր է ինչ-որ պահի կոնսենսուսի գան Փարսյանի հետ, այդ դեպքում իրավիճակը կփոխվի»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրության հետ շփվելու նոր ձևաչափ է մշակել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցեր իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններ, ինչպես նաև մարզերի քաղաքներ ու գյուղեր՝ տեղում քաղաքացիների տրամադրություններն ու առկա խնդիրները հասկանալու համար։

Ըստ թերթի իշխանական աղբյուրների՝ Փաշինյանը թիմակիցներին անակնկալ հայտնում է, որ պատրաստվում է գնալ որևէ վարչական շրջան կամ բնակավայր, իսկ ցանկացող ՔՊ-ականներն էլ միանում են նրան։ Այսինքն՝ այցերը նախատեսվում է իրականացնել առանց մեծ միջոցառումների, նախապես հայտարարված հանդիպումների կամ բազմամարդ հավաքների։

Թերթի տեղեկություններով՝ այս ձևաչափի առաջին «փորձարկումը» տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Արաբկիր վարչական շրջանում։
--

«Փաստ» թերթն ուսումնասիրել է, թե որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել այդ համայնքներում կայանալիք ընտրությունների համար: Իշխող ՔՊ-ն առաջադրվել է բոլոր համայնքներում, որոնցից երկուսում՝ դաշինքով: Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ հանդես են գալու նույն անվամբ՝ «Համերաշխություն» դաշինք: Ուշագրավ են նաև այն կուսակցությունները, որոնց հետ ՔՊ-ն դաշինք է կազմել. Գավառում գործող համայնքապետի «Գործարար» կուսակցությունը, իսկ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը: Ի դեպ, հինգ համայնքում՝ Արմավիր, Գառնի, Ախուրյան, Վայք, Վարդենիս, ՔՊ-ն ընտրությունների է գնալու «հպարտ միայնության» մեջ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա այստեղ էլ պատկերը պակաս հետաքրքիր չէ: Մասնակցության ամենաշատ հայտ ներկայացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ վեց համայնք (Գորիս, Մեղրի, Ջերմուկ, Դիլիջան, Մարտունի), որից մեկ համայնքում՝ Գորիսում, կմասնակցի «Հայկական քվե» կուսակցության հետ դաշինքով («Ապրելու քվե»): Ի դեպ, «Հայկական քվե» կուսակցությունը առանձին կմասնակցի նաև Գավառի ընտրություններին: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ընտրություններին կմասնակցի չորս համայնքում՝ Արտաշատ, Մարտունի, Ծաղկաձոր, Հրազդան: Ընդ որում, վերջին երկուսում ՀՅԴ-ն պայքարելու է միայն ՔՊ-ի դեմ: Երկու համայնքում ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը. խոսքը Ստեփանավանի ու Արթիկի մասին է: «Ուժեղ Հայաստան» դաշինքը պայքարի մեջ կմտնի Ստեփանավան համայնքում»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված գործի դատական գործընթացում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ գործի համար կարևորագույն վկա համարվող Արամ Մկրտչյանը այս պահին գտնվում է փախուստի մեջ և դատարանում չի ներկայացել այն ցուցմունքները տալու, որոնք, ըստ գործի տրամաբանության, պետք է էական նշանակություն ունենային մեղադրանքի հանգամանքները պարզելու համար։

Ավելին՝ թերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, չնայած նրա՝ որպես գործի կարևորագույն վկայի կարգավիճակին, փաստացի չեն ապահովել նրա ներկայությունը դատական գործընթացում։ Արդյունքում ստեղծվել է բավական տարօրինակ իրավիճակ. այն մարդը, որի խոսքերն ու փոխանցած տեղեկություններն առանցքային նշանակություն ունեն գործի մի շարք դրվագների համար, դատարանում չկա, սակայն նրա անունը շարունակաբար հնչում է։
--

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դատավորները պատրաստ­վում են հերթական ժողովին։ Թերթի տեղեկություններով՝ ժողովը գումարվելու է նոյեմբերի 6-ին։ Օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի 2 անդամի՝ դատավորի եւ ոչ դատավորի ընտրությունն է։

Այսինքն, դատավորները պատրաստվում են ընտրել այն անձանց, որոնք առաջիկայում կարեւոր դեր են ունենալու դատավորների գործունեության գնահատման գործընթացում։ Թե ովքեր են հավակնելու այս պաշտոններին, եւ ում թեկնածությունները կստանան դատավորների աջակցությունը, հայտնի չէ։

Հատկանշական է, որ հանձնաժողովի ձեւավորումը տեղի է ունենում դատական համակարգի համար կարեւոր փուլում, ուստի նոյեմբերի 6-ի ժողովի արդյունքները կարող են ուշագրավ լինել»։
--

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում 46 համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս մասնակցելու է։ Կուսակցությունն արդեն թեկնածու է առաջադրել Մարտունի համայնքում։

Այստեղ թեժ պայքար է սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ` «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է ՀՀԿ եւ «Ռեֆորմիստներ» կուսակցություններից, իսկ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արամ Կարապետյանը»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա լսումը ևս երկար չի տևել՝ մոտավորապես 10 րոպե։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման շրջանակում սեփականատերերի կողմին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունների ներկայացուցիչներին, պատշաճ իրազեկում է իրականացվել՝ լսմանը մասնակցելու համար։

Սակայն, ըստ թերթի տեղեկությունների, Սամվել Կարապետյանի կողմի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել և չի մասնակցել քննարկմանը։ Արդյունքում, շուրջ 10 րոպե արձանագրումներից հետո, լսումն արագ ավարտվել է»։
--

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին