Հայաստանի պետական պարգևների համակարգն ու դրանց շնորհման տրամաբանությունը վաղուց արդեն դարձել են հանրային սուր քննադատության և հուսահատության առարկա:
Այն, ինչ տարիներ շարունակ ընկալվում էր որպես հայրենիքին մատուցած բացառիկ, արյամբ ու քրտինքով վաստակած ծառայության գնահատական, այսօր, շատերի բնորոշմամբ, վերածվել է քաղաքական հավատարմության կամ պարզապես «ծառայողական պարտականությունները կատարելու» համար տրվող հերթական հուշանվերի:
Պետական բարձրագույն պարգևների արժեզրկման գործընթացը հասել է մի կետի, որտեղ հասարակության մոտ արդարացի հարց է առաջանում՝ ով և ինչ չափանիշներով է որոշում սխրանքի ու ծառայության կշիռը:
Օրեր առաջ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բարձրագույն՝ 1-ին աստիճանի մեդալի արժանացան Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը և վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Շատ պարզ հարց է առաջանում՝ ինչ բացառիկ ծառայություն են մատուցել այս պաշտոնյաները հայրենիքին, որ արժանացել են երկրի ամենաբարձր պարգևներից մեկին: Որն է նրանց աշխատանքի այն շոշափելի արդյունքը, որը գերազանցում է շարքային քաղաքացու կամ սահմանին կանգնած զինվորի արածը:
Չէ որ սեփական պաշտոնեական պարտականությունները խաղաղ ու հարմարավետ կաբինետներում կատարելը, որի համար նրանք վարձատրվում են պետական բյուջեից, ինքնին բացառիկ սխրանք կամ հայրենանվեր ծառայություն չէ, այլ ընդամենը աշխատանք:
Այս նույն բարձրագույն՝ 1-ին աստիճանի մեդալին տարբեր տարիներին արժանացել են նաև նախկին իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց գործունեությունը ևս կապվել է բացառապես իրենց պաշտոնեական դիրքի հետ, ինչպիսիք են՝ Դավիթ Հարությունյանը (2011 թ.), Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը (2011 թ.), Դավիթ Տոնոյանը (2012 թ.-ին՝ 1-ին աստիճանի շքանշան), նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը (2012 թ.), ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը (2012 թ.), պետական գործիչ Խաժակ Դրամբյանը (2012 թ.), ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը (2015 թ.-ին՝ 1-ին աստիճանի մեդալ), Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը (2016 թ.)։
Սակայն պարգևների այս շռայլումը չի սահմանափակվում միայն անցյալով: Ներկայիս քաղաքական թիմի և գործող իշխանությունների օրոք ևս բարձրագույն՝ 1-ին աստիճանի պարգևներ են բաժանվել կաբինետային գործիչներին:
Արմեն Գրիգորյանից և Արայիկ Հարությունյանից բացի, ի հայտ են եկել նոր անուններ. 2021 թվականին այս պարգևին է արժանացել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ արդեն 2026 թվականին նույն՝ 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Կարեն Բրուտյանը: Ի վերջո, որն է տարբերությունը նախկին և ներկա իշխանությունների միջև, երբ խոսքը վերաբերում է պետական բարձրագույն պարգևներին։
Պարզվում է՝ ոչ մի։ Այսօր մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է դարձել. «նորերը» կուրորեն ու հավատարմորեն շարունակում են նախկինների որդեգրած արատավոր գիծը։
Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր այդպես էլ անհասկանալի է մնում, թե կոնկրետ որ հայրենանվեր արժանիքի կամ բացառիկ սխրանքի համար են կաբինետային չինովնիկները ստանում երկրի բարձրագույն մեդալները, այն դեպքում, երբ իրական հերոսները ստանում են մեկ աստիճան ցածր պարգև։ Այս պարգևատրումների ֆոնին պատկերն ավելի է ընդգծվում, երբ համեմատություն ենք անցկացնում նրանց և մերօրյա իրական հերոսների միջև:
Մինչ բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են պետական պարգևի ամենաբարձր՝ 1-ին աստիճանը, նույն այդ մեդալի ավելի ցածր՝ 2-րդ աստիճանը շնորհվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված գյումրեցի 19-ամյա Հովհաննես Մազմանյանին: Զինվորի մարմինը գտել էին իր զոհված հրամանատարի՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Հրամանատար ու զինվոր՝ թվով 33 հոգի, մինչև վերջ հավատարիմ մնալով իրենց տված սրբազան երդմանը, սեփական կյանքի գնով պաշտպանել էին Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովող Այգեհովիտ գյուղի ռազմավարական կարևորագույն ուղղությունը։ Ուշագրավ է, որ նույն այս՝ մեկ աստիճան ցածր պարգևին (շքանշանի տեսքով) ժամանակին արժանացել է նաև հենց իրենց թիմակիցը՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ստացվում է մի անհասկանալի իրավիճակ, որտեղ կաբինետային կառավարումը կամ քաղաքական դիրքն ավելի բարձր են դասվում, քան սահմանին արյուն թափած տղաների սխրանքը: