Ներքին 1 ամիս առաջ - 18:43 25-09-2026

Մահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն, մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։

Սամվել Մեսրոպյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին։ 1975–1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը։

1995 թվականին ավարտել է Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների կողմից կազմակերպված բարձրագույն դասընթացները՝ «Միջազգային առևտուր և բիզնես» ծրագրով։
1995–1998 թվականներին աշխատել է «Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերությունում՝ որպես կոմերցիոն տնօրեն։

1998–2005 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 2003–2011 թվականներին՝ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիրն ու մշակութային ծրագրերի տնօրենը։

2013–2021 թվականներին ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։ 2021–2026 թվականներին եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Կոմիտասի անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավարը, իսկ 2023–2026 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն։

Սամվել Մեսրոպյանի բազմամյա գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ համերգային, փառատոնային, ցուցահանդեսային և բարեգործական ծրագրերի կազմակերպում Հայաստանում, Արցախում և արտերկրում։

Նա մասնակցել է «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխության, «Վահագն» արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության, «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնի և «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպմանը՝ տարբեր տարիներին հանդես գալով որպես տնօրեն կամ գործադիր տնօրեն։

2006–2010 թվականներին եղել է «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի համահեղինակ և տնօրեն, իսկ 2008 թվականին՝ «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային առաջին փառատոնի նախագծի հեղինակ և տնօրեն։

Սամվել Մեսրոպյանը ակտիվորեն մասնակցել է նաև բարեգործական նախաձեռնությունների իրականացմանը՝ կազմակերպելով մի շարք համերգներ և մշակութային միջոցառումներ։
2019 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Սամվել Մեսրոպյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված էր Հայաստանի մշակութային կյանքի հետ։ Իր կազմակերպչական աշխատանքով նա ներդրում է ունեցել մշակութային ծրագրերի իրականացման, հայ արվեստի հանրահռչակման և միջազգային մշակութային համագործակցության զարգացման գործում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie