Սպորտ 56 րոպե առաջ - 13:52 23-09-2026

Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում խոսել է հավաքականը բարդ ժամանակաշրջանում գլխավորելու որոշման, ազգային թիմի նկատմամբ անմնացորդ նվիրումի և այն ֆուտբոլիստների մասին, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են կրել ազգային ընտրանու մարզաշապիկը։

Նա զուգահեռներ է անցկացրել հայկական ֆուտբոլի լեգենդների անձնազոհության և ներկայիս որոշ խաղացողների մոտեցումների միջև։

-Պարոն Մելիքյան, երբ Դուք գլխավորեցիք Հայաստանի ազգային հավաքականը, թիմը տևական ժամանակ հաջողություն չէր ունենում, իսկ առջևում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ բարդագույն խաղն էր։ Ինչո՞ւ որոշեցիք ստանձնել այդ պաշտոնը. արդյո՞ք չկար վախ, թե ինչ կլինի պարտության դեպքում:

-Ես չեմ վախենում պարտվելուց։ Տեսնում էի, որ մեր հավաքականի համար բարդ ժամանակաշրջան է, և ցանկացա այդ դժվար պահին լինել նրանց կողքին ու տանել առաջ։ Եթե գնում ես պատերազմ, չպետք է մտածես մահանալու մասին։ Մենք պատերազմ տեսած ազգ ենք՝ տեսել ենք և՛ հաղթանակ, և՛ պարտություն, բայց մեր ոգին չի կոտրվում։ Ֆուտբոլում էլ է այդպես՝ կարող ենք հաղթել կամ պարտվել, բայց ինձ համար դա պատերազմ է, և պետք է շարժվել առաջ։ Ամենակարևորը ոտքերի վրա կանգնելն ու չհուսահատվելն է։

Իսկ ես հուսահատվում եմ միայն այն ժամանակ, երբ տեսնում եմ ֆուտբոլիստների, որոնք այս բարդ փուլում հրաժարվում են խաղալ ազգային հավաքականում։ Նրանց բերած պատճառաբանություններն ինձ բացարձակ չեն բավարարում։ Վերջին շրջանում ինքներդ էլ տեսնում եք այդ հրաժարվողներին, որոնք իրենց ակումբներում հանգիստ խաղում են, առողջությունը ներում է, բայց հենց հերթը հասնում է ազգային հավաքականին՝ չեն ցանկանում գալ։ Բերում են արգումենտներ, որոնք ես պարզապես չեմ կարողանում հասկանալ:

-Ո՞ւմ նկատի ունեք:

-Անուններ չեմ ցանկանում տալ։ Ես ինքս խաղացել եմ ազգային հավաքականում ու տեսել եմ իսկական նվիրյալների։ Տեսել եմ Ռոմիկ Խաչատրյանին, որի ոտքն այնքան ուռած էր, որ չէր կարողանում խաղակոշիկները հագնել. մենք էինք օգնում։ Տեսել եմ Արթուր Պետրոսյանին, որը ոտքը սրսկելով հազիվ մտնում էր դաշտ ու բառացիորեն մեռնում էր խաղադաշտում։ Տեսել եմ Արմեն Շահգելդյանին՝ ուռած ծնկով, այնպես կապած, որ չէր ծալվում, բայց նա խաղում էր։ Սարգիս Հովսեփյանը մինչև իր վերջին շունչը նվիրվեց հավաքականին։ Ես այսպիսի տղերքի եմ տեսել:

-Գուցե վիրավորանքնե՞ր են հնչել, դրա՞ համար են հրաժարվում:

-Եթե վիրավորանքի մասին պիտի խոսենք, ապա շատերը գիտեն իմ պատմությունը։ Երբ ես 27-28 տարեկան էի, Ռուբեն Հայրապետյանն ինձ հեռացրեց ազգային հավաքականից և ասաց՝ «վերջ, նա այլևս չի լինի թիմում»։ Ես այն ժամանակ երիտասարդ էի, սխալ էի թույլ տվել. չեմ էլ արդարանում ու նրան չեմ մեղադրում։ Գիտենք, որ Ռուբեն Հայրապետյանը չոր մարդ էր՝ չներեց և չընդունեց։ Հիմա ես նրան շատ լավ հասկանում եմ, բայց այն ժամանակ դա ինձ համար մեծ ցավ էր։

Մանրամասները` armlur.am կայքում։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:51 Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը
18:38 Վրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան