Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 10:33 23-09-2026

Արհամարհո՞ւմ են Փաշինյանի հրահանգները. Անի Բադալյանին աստիճան են շնորհել․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի փողոցներում ակնհայտ հնամաշության մեքենաների թվի պակաս կարծես թե չկա։

Այս մեքենաները երթևեկում են առանց խոչընդոտի, քանի որ վստահաբար ՏԿԵ նախարարության կողմից լիցենզավորվող ընկերություններից մեկից ստացել են տեխզննման կտրոն։ Ավելին՝ նման մեքենաներ հաճախ անսարքության պատճառով մնում են մայրաքաղաքի փողոցներում՝ դրանով լրացուցիչ ծանրաբեռնվածություն հաղորդելով առանց այն էլ վատ վիճակում գտնվող երթևեկությանը։

Ստացվում է, որ ունենք իրավիճակ, երբ առնվազն երկու պետական գերատեսչություններ դրսևորում են անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները՝ ձեռքի հետ էլ դժոխքի վերածելով երևանցիների կյանքը»:
--

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Թերթն իշխանական աղբյուրներից տեղեկացել է, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին, ՔՊ-ի հետ դաշինքով առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։

Գորիսում երբեմնի ընդդիմադիր «ռեմբոն»` Առուշանյանը, ինչպես հայտնի է, առաջնորդելու է ՔՊ-ի հետ կնքված «Համերաշխություն» դաշինքը: Այդ քայլը մեկնաբանվեց, թե իբր ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջին: ՔՊ-ն ասաց, թե ժողովուրդն Առուշանյանին է ընդունում, Առուշանյանն էլ հայտարարեց, թե «երկիրը շենանում է, ու ինքը նորմալ է համարում, որ այս իշխանության հետ է գնում ընտրության»։ Ի դեպ, Կարեն Եղիազարյանը եւս հունիսի 7-ի ընտրություններին աջակցել է իշխանություններին, բայց ոչ բացահայտ»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով դիվանագիտական աստիճան է շնորհվել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։

ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Անի Միշայի Բադալյանին շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան։ Նույն աստիճանը ստացել են նաև ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանն ու ԱԳՆ եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը, իսկ Նելլի Սարոյանին՝ ավելի բարձր՝ «արտակարգ և լիազոր դեսպան» աստիճան։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բադալյանի դերակատարությունը նախարարությունում զգալիորեն ընդլայնվել է․ նա ոչ միայն պաշտոնական խոսնակն է, այլև արտաքին քաղաքականության տարբեր հարցերում առանցքային դերակատարում ունի։ Տարբեր ուղղություններով հարցերի ու տեղեկատվության ճշտումների դեպքում աշխատակիցներին հաճախ ուղղորդում են հենց Բադալյանի միջոցով։ Թերևս այդ պատճառով է, որ քննարկման թեմա է դարձել նաև այն, որ մամուլի խոսնակի պաշտոն զբաղեցնող Բադալյանը համեմատաբար արագ ստացել է բարձրագույն դիվանագիտական աստիճաններից մեկը»։
--

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։

Արդեն գրել ենք, որ այս կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել եւ ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձեւավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։

Նմանատիպ դաշինք է ստեղծվել նաեւ Գավառում՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության եւ ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին` դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։

«Գործարար» կուսակցությամբ է առաջադրվել նաեւ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որը թեեւ ՔՊ-ական էր, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի արդարացրել ՔՊ-ի հույսերը, եւ հիմա իշխանությունն այս համայնքում առաջադրել է Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարին, իսկ գործող համայնքապետն առաջադրվել է «Գործարար» կուսակցությամբ։

Թերթի տեղեկություններով, «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաեւ Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, եւ ՔՊ-ն հիմա նրան չի ուզում առաջադրել։ Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ, ինչի պատճառով որոշում է կայացվել դատական քննությունը կասեցնել մինչև հունվար։ Այսպիսով՝ աղմկահարույց գործի քննությունը մի քանի ամսով փաստացի սառեցվել է։

Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 անձ, այդ թվում՝ պաշտոնանկ արված փոխնախարար Անի Իսպիրյանը և ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Սիմոնյանի հարսը հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, սակայն կարճ ժամանակ անց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ գործուն զղջալու հիմքով։ Այսինքն՝ մեղքը խոստովանեց, զղջաց և ազատվեց կալանքից, ապա՝ պատժի կրումից։

Այս գործի համատեքստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը նրան մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը նախկին նախարարի նկատմամբ երկու ամսով տնային կալանք կիրառեց։ Ավելի ուշ Քերոբյանն ազատ արձակվեց։
--

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, երեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա մոտ երեք ժամ տևած հանդիպումը որակել է որպես «շատ արդյունավետ»։

Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները բանակցություններում ներկայացրել են ամերիկյան կողմը, իսկ իրանական կողմը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հանդիպումը, ըստ The New York Times-ի, անցկացվել է Քաթարի և Պակիստանի միջնորդությամբ։

Բանակցություններից առաջ, ՄԱԿ-ում պետությունների և կառավարությունների ղեկավարների առջև ունեցած իր ելույթում Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իսլամական Հանրապետությունը «դժոխք» ուղարկել և «ոչնչացնել» այն։

«Ես կանգնած եմ դժվար ընտրության առաջ։ Կկնքե՞մ գործարք Իրանի հետ, որը թույլ կտա նրան վերականգնվել և դառնալ շատ ավելի հզոր պետություն, թե՞ կոչնչացնեմ Իսլամական Հանրապետությունը՝ և արագ, որպեսզի այն երբեք այլևս հնարավորություն չունենա սպանել մարդկանց և ոչնչացնել երկրներ»,- ասել էր ԱՄՆ նախագահը։
--

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:51 Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը
18:38 Վրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան