Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի հյուրը ՀԱԿ փոխնախագահ, անկախության խորհրդանիշ Արամ Մանուկյանն է:
Արամ Մանուկյանի հետ խոսել ենք Անկախության տարիների ձեռքբերումների ու դժվարությունների, նախկին և ներկա իշխանությունների օրոք Անկախությունը մի դեպքում՝ անգործությամբ, այժմ՝ հստակ գործողություններով վնասելու և մսխելու, Արցախի հիմնախնդիրը չլուծելու և այլ ուշագրավ հարցերի շուրջ:
Խոսելով 90-ականներին և ներկայում Անկախության տոնը նշելու տրամադրությունների փոփոխության մասին՝ նա նշեց, որ սարուձորի տարբերություն կա:
«Էն ժամանակ հեքիաթ էինք կառուցում, բարեփոխումներ անում, Արցախում ինքնորոշման իրավունք էր լուծվում, միջազգային սուբյեկտ էինք դառնում: 91 թ. հանրաքվեից հետո 2 ամսվա ընթացքում 48 երկիր պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը, դրանից 3 ամիս հետո ՄԱԿ-ի գրասենյակում բարձրացավ հայկական եռագույնը, էդ պատմական հաղթանակ էր, և մի տարվա մեջ 62 երկիր դիվանագիտական հարաբերություն հաստատեց Հայաստանի հետ: Այսինքն՝ մենք էդ փակ վիճակից, իմպերիայի վիճակից դարձանք միջազգային սուբյեկտ՝ հզորագույն, դժվարագույն ծանրագույն փոփոխություններ անելով»,- նշեց Արամ Մանուկյանը:
Իսկ այժմ, ըստ նրա, մեզ վրա ծիծաղում են, մեր մշակույթը ոչնչացնում են, մենք ձայն չենք հանում, մեր տարածքները գրավում են, մենք ձայն չենք հանում, մեր ընտրված պաշտոնյաներն ու ռազմական գործիչները բանտերում են, մենք կամավոր մեզ զրկել ենք միջազգային դատարաններ դիմելու իրավունքից:
«Սրանք բոլորը անկախության կորստի նշաններ են, ընդհանուր պատկերը շատ ավելի տխուր է՝ ուղիղ գծով Հայաստանը ենթարկվում է Ադրբեջանի պահանջներին, ենթարկվում է շատ հաճախ, զուգահեռ անցկացնեմ՝ դրանք անկախության նվաճման տարիներ էին, պետականություն կառուցելու, հիմա մենք գնում ենք ամբողջապես հակառակ ընթացքով՝ մսխում ենք սուվերեն դրսևորումները որոնք ձեռք ենք բերել, ունեցել ենք»,- ասաց նա:
Ըստ Արամ Մանուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք մենք ոչինչ չանելով՝ թուլացրինք անկախությունը. նա նկատի ունի Արցախյան հարցի լուծման առումով, քանի որ նախկին նախագահները պարզապես ընտրեցին ոչինչ չանել, խնդիրը չլուծել՝ մտածելով, որ այն կմաշվի ու կմոռացվի, իսկ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ գործողություններով է վնասում անկախությանը, մասնավորապես Սփյուռքի մերժումը, Եկեղեցու մերժումը, դասագրքերի փոփոխությունը, Անկախության հռչակագրի փոփոխությունը, բանակի կրճատումը, մեր սահմանների մկրատումը:
«Ինձ համար մեծագույն չարիքը երկրում ոչ թե կոռուպցիան է, այլ ճիշտ դիրքորոշումն արտաքին խաղահրապարակներում՝ դու ինչ դիվանագիտություն ես վարում»,- ասաց նա:
Այս և այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան