«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար»,- օրերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Արդյոք կառավարությունն իրավասո՞ւ է սահմանափակել ուսուցչի ասելիքը։
«Կառավարությունը, այո, իրավասու է սահմանափակել ուսուցչի ասելիքը, բայց էդպիսի կառավարություն բռնապետական երկրներում է լինում միայն։ Ժողովրդավարական երկրներում նման կառավարություն չի կարող լինել։ Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե գնում է դեպի բռնապետության, այլ հասավ տեղ»,- մեկնաբանելով ուսուցիչների խոսքը սահմանափակելու Փաշինյանի մղումները
Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Փորձագետը նաև հայտնեց, որ իրեն հասած տեղեկություններով՝ դպրոցներում արդեն իսկ նկատվում են ներքին վերահսկողության վտանգավոր միտումներ։
«Սա գրաքննություն է, և ինձ հասել են տեղեկություններ, որ դպրոցներում նշանակվում են հետևողներ, այսպես ասած՝ ինքնըստինքյան, ոչ թե կարգավորված ձևով, որոնք պետք է մատնեն էն ուսուցիչներին, որոնք այլ կերպ կարող են մտածել կամ էդ մտածածը հասցնել մեր աշակերտներին։ Ինչպես Օրուելն էր նկարագրում իր հայտնի գրքում, այսօր Հայաստանում ևս ստեղծվում է այդ իրավիճակը՝ ձևավորվում է մի տեսակ «մտքի ոստիկանություն»»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ Մխիթարյանի՝ ստեղծված իրավիճակում ամենախոցելի խումբը դարձել են պատմության մանկավարժները, ովքեր ստիպված են կշռադատել յուրաքանչյուր բառը՝ թիրախում չհայտնվելու և աշխատանքը չկորցնելու համար։ Նրա խոսքով՝ շատերը պարզապես ընտրում են պասիվության ճանապարհը՝ «փորձանքից հեռու» մնալու սկզբունքով։
Այսպիսով պատմության դասատուն այսօրվանից պետք է վախի մեջ լինի, ամեն մի խոսքը կշռադատի, որպեսզի չթիրախավորվի։
«Ուսուցիչները շատերը մինչև այս էլ արդեն իսկ վախենում էին որոշ արտահայտություններ անելուց, իրենց մտածածը բարձրաձայն արտաբերելուց, իսկ հիմա արդեն նրանք իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են, և դա ամենամեղմն է․․․ նրանցից շատերը մտածում են՝ ավելի լավ է դաս չանեն, քան թե դաս անեն և հանկարծ սայթաքում թույլ տան»,- նկատեց փորձագետը։
Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ՝ պատմական տարածքների (Մուշ, Վան և այլն) մասին դասաժամերին լռելը կամ դրանք չհիշատակելը վտանգում է սերունդների ազգային գիտակցությունը և ուղղակիորեն տեղիք տալիս հարևան պետության քարոզչական թեզերին։
Հասմիկ Մովսիսյան