Ներքին 1 օր առաջ - 16:30 21-09-2026

Ո՞վ և ինչպե՞ս է որոշում ազգային և հանրային շահը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Անկախության տոնի առթիվ բազմաթիվ շնորհավորանքների շարքում ուշագրավ է պետության նախագահի խոսքը, քանի որ նա մեր պետության գլուխն է։

Ընդարձակ ուղերձում աչքի է ընկնում հետևյալ տողը. «Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը»։

Ո՞վ և ինչպե՞ս է որոշում պետական և հանրային շահը։ Եվ ինչո՞ւ է պետության գլուխն այս մասին ընդգծում շնորհավորական ուղերձում։

Վերջին շրջանում այս հարցի շուրջ շահարկումներ կան։ Այնինչ՝ քաղաքական տարրական գիտելիք է, որ պետական շահն արտահայտվում է իշխանության մարմինների միջոցով։ Այսինքն՝ Սահմանադրությունը սահմանում է պետության հիմնարար նպատակներն ու արժեքները։ Ազգային ժողովը օրենքներ է ընդունում, որոնք սահմանում են պետական քաղաքականության ուղղությունները։ Կառավարությունը մշակում և իրականացնում է ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Դատարանները, հատկապես Սահմանադրական դատարանը, ստուգում են, որ որոշումները համապատասխանեն Սահմանադրությանը։

Այս տեսանկյունից իշխանության ամենաբարձր պաշտոնյայի խոսքը տարակուսանք է առաջացնում։ Իշխանության ներսում շատ կա՞ն պաշտոնյաներ, որոնք իրենց որոշումներում չեն առաջնորդվում պետական շահով։ Նորմալ երկրում հնարավոր չէ, որ պաշտոնյան գործի Սահմանադրության և օրենքների, արժեքների և նպատակների դեմ, ոտնահարի ԱԺ ընդունած օրենքը, տարիներով բողոքարկի դատարանի վճիռը և այլն։ Սակայն Հայաստանում ոչ միայն հնարավոր է, այլև այնքան բնական, որ նախագահն իր ուղերձում հատուկ շեշտում է. «Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի պետական ու հանրային շահը»։ Այսինքն՝ նախագահի այս խոսքը հիմք է տալիս կասկածելու, որ նրա թիմում կան պաշտոնյաներ, որոնք իրենց որոշումներում այլ երկրի կամ ինչ-որ խմբի հատվածական շահերով են առաջնորդվում։ Գուցե նախագահն էլ է օտար երկրի կամ խմբակի հատվածական շահերով առաջնորդվում։

Նկատենք, որ ազգային և պետական շահերը նույնական են։ Քաղաքացիական հասարակությունների ձևավորումից ի վեր ազգ և պետություն բառերը նույնիմաստ են։ Օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ են պետությունները։ Պետությունների միջև հարաբերությունները կոչվում են միջազգային։ ԱԱԾ-ի հիմնական գործառույթը պետության անվտանգության խնդիրներն են։ Պետության խորհրդարանը կոչում են Ազգային ժողով։

Սակայն Հայաստանում այս հարցում շփոթ է։ Ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե ազգային շահն այլ բան է, պետական շահն այլ, ազգային իղձն այլ է, պետականն այլ։ Այս վեճը նույնիսկ ԱԺ է հասնում, և պատգամավորներ կան, որոնք այս մասին այնքան բարձր են խոսում, կարծես հողմաղացի դեմ կռվի են ելել։ Այս վեճի արձագանքները նկատելի են նաև Խաչատուրյանի տոնական ուղերձում։ Նա մեջբերված տողում գրել է «պետական շահ», որ թիմակիցները նրան չհանդիմանե՞ն։

Հանրային շահն ավելի լայն հասկացություն է։ Այն ձևավորվում է քաղաքացիների կամքի (ընտրություններ, հանրաքվեներ), հանրային քննարկումների, օրենքների և դատական նախադեպերի միջոցով։ Շատ դեպքերում դատարանն է գնահատում՝ իշխանության մարմնի որոշումը ծառայո՞ւմ է հանրային շահին, օրինակ՝ սեփականության օտարման, բնապահպանական կամ քաղաքաշինական վեճերում։ Հանրային շահի հարցում կիրառվում է մի քանի չափանիշ, որոնցից ամենակարևորն այն է, որ պետք է չխախտի մարդու հիմնարար իրավունքները։

ՀՀ-ում այս առումով ևս նորմալ չէ։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է թանկացումներին, ապա պաշտոնյաները չեն մտածում, որ դրանց արդյունքում տուժում են քաղաքացիները, գլուխ են բարձրացնում սոցիալական խնդիրները։ ՔՊ-ականներին, հավանաբար՝ հանրային շահը չի հետաքրքրում։ Եվ այդ մասին, ենթադրաբար, գիտի նաև պետության նախագահը։ Ավելին՝ այս խնդիրն այդքան սուր է, որ Խաչատուրյանը տոնական ուղերձում հատուկ շեշտում է այդ մասին։

Պարզ ասած՝ լավ կլինի, եթե Վահագն Խաչատուրյանը նախ ձևակերպի, թե որոնք են պետական և հանրային շահերը, հետո այդ մասին գրի տոնական ուղերձում, որ տարընթերցում չլինի և ակամա տպավորություն չստեղծվի, թե Նախագահն այս ակնարկով հանդիմանում է Նիկոլ Փաշինյանին պետական և հանրային շահերը արհամարհելու մեջ։ Իսկ եթե Նախագահն իսկապես հանդիմանում է վարչապետին, ապա լավ կլինի՝ պարզ հայտարարի, որ բոլորն իմանան, թե ինչ պետականասեր ու ժողովրդասեր մարդ է Վահագն Խաչատուրյանը և ինչ վատն են մյուսները, որ չեն առաջնորդվում պետական և հանրային շահով, այլ Փաշինյանի քմահաճույքով։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»