Ներքին 2 ժամ առաջ - 16:06 21-09-2026

Բուժիչ ջրի փոխարեն կունենանք թունավոր ճահիճ. բնակիչները բոյկոտում են Աղի լճի նոր նախագիծը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող և իր բնական բուժիչ հատկություններով հայտնի Աղի լճի տարածքում ծանր տեխնիկան արմատախիլ է անում լճի էկոհամակարգի կարևորագույն մասը կազմող եղեգնուտները․ այս մասին
ահազանգել են ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը և տարածքի բնակչուհի Մարինեն։

«Առանց բնակիչներին տեղյակ պահելու և նրանց հետ քննարկելու՝ միանգամայն անտրամաբանական ու թերի նախագիծ են իրականացնում։ Այսօրվանից սկսել են վերացնել տարածքի եղեգնուտները։ Մարդիկ հիմա հավաքվում են լճի մոտ՝ բողոքի ակցիա անելու, քանի որ նման անպատասխանատու մոտեցումն անթույլատրելի է։ Քաղաքապետարանն արդեն սկսել է աշխատանքները, իսկ բնակիչները բոյկոտում են՝ պնդելով, որ չի կարելի քանդել եղեգները և խարխլել լճի բնական հիմքերը։ Մի խոսքով, եթե նրանք իրագործեն իրենց մտադրությունը, «Աղի լիճ» հասկացությունը պարզապես կվերանա, և այն կվերածվի կեղտոտ ջրով լցված սովորական մի ավազանի»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց ակտիվիստը։

Տեղում բողոքի ակցիա իրականացնող բնակիչների շարքերից ահազանգում է կոմպոզիտոր և երգչուհի Մարինեն, ով փորձում է կանխել տրակտորների առաջխաղացումը։ Նա նշում է, որ իրավական բոլոր ճանապարհներով փորձել են հարցը լուծել, սակայն քաղաքապետարանն անտեսել է քաղաքացիներին։

«Մենք նամակ ենք հղել քաղաքապետարան և ավելի քան 200 ստորագրություն հավաքել՝ մեր հստակ դիրքորոշումն արտահայտելով, որ դեմ ենք տարածքի եղեգնուտների ոչնչացմանը։ Թեև պաշտոնական դիմումը մուտքագրել ենք՝ կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքապետարանից մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել։ Փոխարենը՝ այսօր տեխնիկա են մտցրել և տրակտորներով պոկում են եղեգները։ Մեզ ոչ միայն չեն լսում, այլև չեն ներկայացնում էկոլոգների համապատասխան փորձագիտական եզրակացությունը»,- Oragir.News-ին ներկայացրեց իրավիճակը Մարինեն։

Մարինեն բացատրում է, որ եղեգները կենսական դեր են խաղում լճի գոյության համար։

«Եղեգնուտները, նախևառաջ, այս լճի պաշտպանիչ գոտին ու վահանն են՝ հարակից սարի հնարավոր փլուզումներից։ Բացի այդ, գիտականորեն ապացուցված փաստ է, որ դրանք ջրավազանների բնական ֆիլտրներն են, որոնք մաքրում են ջուրը ազոտից և ծանր մետաղներից։ Եթե այս եղեգները հեռացնեն, բուժիչ ջրի և բնական գեղեցկության փոխարեն մենք ունենալու ենք թունավոր մի ճահիճ։ Սա մեր ազգային արժեքն է, և մենք պարտավոր ենք այն պահպանել։ Ես անձնապես եմ պարտական այս լճին. կովիդից հետո առողջական ծանր խնդիրներ ունեի, գրեթե չէի կարողանում շարժվել, և ոչ մի բժշկական բուժում ինձ չէր օգնում։ Միայն այս լճի բուժիչ ջրի շնորհիվ ես կրկին ոտքի կանգնեցի։ Իսկ հիմա եկել են ու պարզապես ոչնչացնում են այն։ Ի՞նչ իրավունքով։ Ծանր տեխնիկայով արդեն շուրջ 20 մետր տարածք ավերել են ու ապականել եղեգնուտները։ Ես կանգնած եմ այստեղ ու չգիտեմ ինչ անել։ Սա անհատական խնդիր չէ, մենք համազգային հարստություն ենք կորցնում»,- ահազանգում է մեր զրուցակիցը։


Հասմիկ Մովսիսյան