Գրեթե 15 օրից ավելի է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ 18-րդ փողոցում խմելու ջրի խողովակի վնասումից հետո, ինչպես նշում էին բնակիչները, «Վեոլիա ջուր»-ն ու Էրեբունու թաղապետարանը ցուցաբերում են քար անտարբերություն։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց վրդովմունքն էին ուղղում Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով.
«Ով է տեսել, որ 21-րդ դարում քաղաքացու նկատմամբ ցուցաբերվի արհամարհական վերաբերմունք։ Մի՞թե արհամարհական վերաբերմունք չէ, երբ 15 օրից ավելի է դիմում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն, Էրեբունու թաղապետարան, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ասֆալտը մարդաբոյ փոսի չափ բացվել ու նստվածք է տվել ու մինչև այսօր սպասում ենք, թե երբ են պատասխանատուները ժամանելու ու փոսը վերացնելու։ Անգամ Երևանի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան, որ ժամանել էր տների աղբը տեղափոխելու, հայտնվեց փոսում ու կողաշրջվեց։ Երջանիկ պատահականությամբ մարդիկ չտուժեցին, բայց դե ամեն անգամ հո պապը փլավ չի ուտի։
Ոչ թաղապետից ենք բան հասկանում, որ էլ «Վեոլիա ջրից»։ Տպավորություն է, թե երկվորյակներ են, մեկը մեկի վրա է գցում ու էս խնդիրը կամաց-կամաց դառնում է անլուծելի։
Հիմա հույսներս դնում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա, ում մեկ զանգը բավական է, որպեսզի թաղապետն անձամբ ժամանի այստեղ ու «Վեոլիա ջրի» հետ հարցը կարգավորեն։
Մանրամասները՝
shamshyan.com կայքում։