Ներքին 1 ամիս առաջ - 11:36 18-09-2026

Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել «Մարդկության դեմքը, արվեստ, մշակութային դիվանագիտություն և հումանիզմ» խորագրով ֆորումի շրջանակում կազմակերպված «Մարդկության դեմքը, արվեստ և հումանիզմ» վերտառությամբ պանելային քննարկմանը։

Քննարկման մոդերատորն է եղել մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը։

Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հիմքում ընկած արժեքներին, նրանց փոխկապվածությանը մշակույթին, ինչպես նաև արվեստի միջոցով մարդու իրավունքների գաղափարների տարածման կարևորությանը։
Անահիտ Մանասյանի խոսքով՝ «Մենք պետք է հասնենք այն իրական ընկալման, որ հասարակական համակարգերի առանցքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, իսկ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը, մարդու համար ինքնաիրացման և ինքնադրսևորման հնարավորությունների ապահովումը առաջնային նպատակ են»:

«Տարբեր քննարկումների շրջանակներում, երբ ես քննադատություն եմ հնչեցնում և որևէ հարցի հետ կապված ընդգծում եմ, որ անկախ իրավիճակից` մարդը պետք է լինի բարձրագույն արժեք, իսկ նրա արժանապատվությունը` պաշտպանության ենթակա առաջնային գաղափար, առաջին միտքը, որով փորձում են հակադարձել, ընդ որում` դա նկատում եմ նաև հանրային քննարկումների շրջանակներում, այն է, որ մշտապես կան ավելի բարձր ու մեծ արժեքներ` հանրային շահ, անվտանգություն և այլն։ Սա ցույց է տալիս, որ հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը»,- նշել է Պաշտպանը։

Նա ընդգծել է նաև, որ իրավական պետության կայացվածության կարևոր չափանիշներից է այն, թե որքանով են պաշտպանված առավել խոցելի վիճակում գտնվող մարդիկ։ Պաշտպանի դիտարկմամբ՝ պատմականորեն հասարակության ուշադրությունը հաճախ կենտրոնացած է եղել այն խմբերի վրա, որոնք իրենց ձայնը լսելի դարձնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, մինչդեռ առավել խոցելի վիճակում գտնվող անձինք շատ դեպքերում զրկված են իրենց իրավունքների և խնդիրների մասին բարձրաձայնելու բավարար հնարավորություններից։

«Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կզգա, որ իրավունքներին առնչվող խնդիրներին դեմ առ դեմ ինքը միայնակ չէ»,- ընդգծել է Պաշտպանը:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների և այլ խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական պատշաճ քաղաքականության անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ նրանց համար համապատասխան պայմանների ստեղծումը, կրթության և աշխատանքի իրավունքների իրացման, ներառական միջավայրի ապահովումը պետք է դիտարկվեն ոչ թե երկրորդական, այլ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մաս։

Պաշտպանը կարևորել է նաև արվեստի և մշակույթի միջոցով այս գաղափարների հանրայնացման և հասարակության տարբեր խմբերի համար հասանելի դարձնելու հնարավորությունը` հանրային իրազեկման տարբեր ձևաչափերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս այդ արժեքների շուրջ ձևավորելու կառուցողական երկխոսություն։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրավունքի և մշակույթի փոխկապվածությանը, մեր հասարակական միջավայրում առկա հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև թանգարանների և այլ մշակութային հաստատությունների դերակատարությանը` մարդու իրավունքների արժեքների տարածման գործում։

Քննարկվել են նաև այն հարցերը, թե ի՞նչն է թանգարանը դարձնում իսկապես հումանիստական տարածք, արդյո՞ք արվեստը կարող է հումանիզացնել հասարակությունը, և ովքե՞ր են պատասխանատու հանրության տարբեր խմբերի համար մշակույթի և արվեստի հասանելիությունն ապահովելու հարցում։

Որպես բանախոսներ՝ քննարկմանը հանդես են եկել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսների կազմակերպման բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի վարիչ Օլգա Դավթյանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie