Նախընտրական շրջանում շատ-շատ էին խոսում Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի մասին, ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ էին ստանում դրա դեմ պայքարելու համար։ Ընտրություններից հետո այս թեմայի վերաբերյալ լռություն է։
Մոսկվայից եկող սպառնալիքները վերացա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանը պարտվեց նաև այս պատերազմում։
Բոլորը գիտեն, որ ՌԴ-ի էքսպանսիայի շտաբը Ռուսական տունն է։ Այդպիսի տներ կան այն երկրներում, որտեղ ՌԴ-ն ազդեցություն ունի կամ ձգտում է ունենալ։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման շրջանում Արևելյան Գերմանիայի բնակչության 1/3-ը Շտազիի գործակալ էր։ ՌԴ-ն Գերմանիայում դեռ իներցիոն ազդեցություն ունի։ Դրա համար էլ այնտեղ դեռ կար Ռուսական տուն, որն օրեր առաջ փակվեց։ Իսկ սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը որոշել է 11 նոր Ռուսական տներ բացել, այդ թվում՝ 2-ը Հայաստանում։
«11 նոր Ռուսական տներ են բացվելու՝ Արտաշատում, Աշտարակում, Քենիայում, Կոնգոյում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպիում, Սենեգալում, Սիերա Լեոնեում, Թայլանդում և Տոգոյում»,- ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան։ «Այսօր մենք բավականին մեծ քայլ ենք անում՝ ստորագրում ենք համաձայնագրեր ևս 11 գործընկերային «Ռուսական տներ» բացելու մասին։ Փաստացի, մենք այսօր կիսով չափ մեծացնում ենք մեր ցանցը»,- հայտարարել է Չայկան՝ մանրամասնելով. «Մեր երկու գործընկերային տները կբացվեն Հայաստանում՝ Արտաշատ և Աշտարակ քաղաքներում»։
Այս կառույցի ղեկավարը պատժամիջոցների ցանկում է։ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Իգոր Չայկան ավելացվեց ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ 2021 թվականին Իգոր Չայկան Դմիտրի Պեսկովի հետ միասին մշակել է Մոլդովայի իշխանությունը վարկաբեկելու, ինչպես նաև երկիրը ռուսական ազդեցության ոլորտ վերադարձնելու ծրագրեր։
2023 թվականի մայիսի 30-ին Իգոր Չայկան ընդգրկվել է Եվրոպական միության պատժամիջոցների ցանկում՝ Մոլդովայում իրավիճակը ապակայունացնելու համար՝ որպես «ռուս գործարար, որը պատասխանատու է Մոլդովայի Հանրապետությունը ապակայունացնելուն ուղղված Ռուսաստանի ԱԴԾ նախագծերի ֆինանսավորման համար միջոցների փոխանցման համար»։ «Պետական միջոցների հետ կապված ֆինանսական չարաշահումների միջոցով Իգոր Չայկան պատասխանատու է Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կայունությունը և անվտանգությունը խաթարող և սպառնացող գործողություններին աջակցելու համար»։ Այսպես է գրված ԵՄ պաշտոնական տեղեկագրում։
Ենթադրելի է, որ Հայաստանում Ռուսական տներն ու Իգոր Չայկան նույն հետաքրքրություններն ունեն ու նույն գործն են անելու, ինչ Մոլդովայում։ Այսինքն՝ գործելու են Հայաստանի անկախության և ժողովրդավարության դեմ, Հայաստանը ռուսական ազդեցության գոտի վերադարձնելու ծրագրեր են համակարգելու։ ԵՄ-ից ստացած դրամաշնորհները կերած ՔՊ-ականներն ու նրանց գովերգող քաղաքագետներն այս սպառնալիքների մասին չգիտե՞ն, թե՞ կարծում են, որ Չայկան ՀՀ անկախության ու ժողովրդավարության պաշտպան է, իսկ ՀՀ-ում Ռուսական տները բացառապես ՀՀ անկախության և ժողովրդավարության ամրացման ծրագրեր են իրականցնելու։
Պարզ ասած՝ առնվազն տարօրինակ է, որ անկախության պաշտպանության մասին խոսող, ԵՄ-ին միանալու մասին օրենք ընդունող, ընդդիմադիրներին ռուսամետության համար օր ու գիշեր հանդիմանող ՔՊ-ն համաձայնագիր է ստորագրել կամ պատրաստվում ստորագրել ՀՀ-ում նոր ռուսական տներ բացելու մասին։ Գուցե Հայաստանը պարտվե՞լ է այս հիբրիդային պատերազմում, և հաղթողն իր տներն է բացում նաև Արտաշատում և Աշտարակում՝ որպես ապացույց, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, ՀՀ իշխանությունը ռուսամետ է և ազգային գիտակցություն չունի, հայ ժողովուրդը ցածրակարգ է և անկախություն չի ուզում, իսկ ժողովրդավարությունն այստեղ քաղաքակրթական ընտրություն չէ։
Իսկ եթե այս ենթադրությունն անհիմն է, ապա Փաշինյանը պետք է հայտարարի, որ Հայաստանում նոր Ռուսական տներ չեն բացվելու, իսկ Երևանում գործողն էլ դուրս են հրավիրելու։ Այդպես նա կապացուցի, որ ֆորպոստի վարչապետ չէ, անկախության և ժողովրդավարության ջատագով է, իսկ Հայաստանին միլիոնավոր եվրոներ նվիրած եվրոպացիներն էլ իրենց հիմարացված ու «գցված» չեն զգա։
Թաթուլ Մկրտչյան