Ներքին 2 ամիս առաջ - 18:01 09-09-2026

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում նոր ընթերցասրահ է բացվել՝ նախատեսված սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։

Ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ «Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումով այս միջավայրում յուրաքանչյուր ընթերցող կարող է հավասար հիմունքներով և իր կարիքներին համապատասխան օգտվել գրադարանի ռեսուրսներից, կրթական և մշակութային հնարավորություններից։
Ընթերցասրահը համալրված է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Ներդրված միջոցներն ու տեխնոլոգիաները հնարավորություն կտան գրականությունն ու տեղեկատվությունը ներկայացնելու տարբեր ձևաչափերով՝ նպաստելով գրադարանային ծառայությունների առավել հարմարավետ, արդյունավետ և մատչելի կազմակերպմանը։

Ընթերցասրահի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը՝ Ադամ Այվազյանը, նրա կինը և թոռները, Ազգային գրադարանի ընթերցողները, աշխատակիցները, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան ներկայացուցիչները։

«ՀՀ կառավարությունը սահմանափակ կարողություններով մարդկանց համար հնարավորություններ ստեղծելը կարևոր առաջնահերթություն է համարում: Նպատակն է՝ քաղաքացիներն ունենան հավասար հնարավորություններ՝ օգտվելու բոլոր ենթակառուցվածքներից»,- բացման խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ կարևորելով նախաձեռնությունը։

Անդրադառնալով Ազգային գրադարանում բովանդակային և ենթակառուցվածքային բարեփոխումներին՝ նա նշել է, որ այդ ուղղությամբ պետությունը հետևողական ջանքեր է գործադրում, միաժամանակ կարևորվում է բարերարների հետ համագործակցությունը՝ «քաղաքացիները պետության կողքին և պետությունը՝ քաղաքացիների» սկզբունքով:
«Հուզիչ է, երբ մարդն ապրում է իր միջոցները այլ մարդկանց բարօրությանն ուղղելու բարձր գաղափարով: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Այվազյան ընտանիքին Ծիածան (Ջիա) Այվազյանի կամքն ու նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- ասել է նախարարի տեղակալը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության մասնակից բոլոր կողմերին հաջողված համագործակցության համար: Նա նշել է՝ գրադարանները՝ որպես մարդակենտրոն ինստիտուտներ, աշխարհում երևի թե միակն են մնացել, որոնք անվճար են և հասանելի հասարակությունների համար՝ պահպանելով գրադարանային փիլիսոփայությունը: «Գրադարանից օգտվելու հասանելիությունը սահմանափակ կարողություններով անձանց համար ավելի քան առաջնային է»,- նշել է Աննա Չուլյանը՝ երախտագիտություն հայտնելով բարերար Ծիածան (Ջիա) Այվազյանին և նրա ընտանիքին։

Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները ևս հանդես են եկել ելույթներով։

«Այս նախաձեռնությամբ Ծիածան (Ջիա) Այվազյանը պարզապես հիշողություն չէ. նա կենդանի է՝ որպես հոգու շքեղություն, որն օրինակելի է լինելու սերունդների համար»,- նշել է եղբոր թոռը՝ Նեթան Գրիգորի Այվազյանը։

Ներկայացվել է նաև Ծիածան (Ջիա) Այվազյանի գործունեությունը։ Նա նախկինում շուրջ 11000 կտոր գրականություն է նվիրաբերել գրադարանին: Հայ գրադարանավարների հետ ունեցած սերտ համագործակցության և գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար 1991 թվականին Հայաստանի ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով՝ որպես նրա գործունեության ամենաբարձր գնահատական Հայաստանում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի