Ներքին 1 ժամ առաջ - 18:03 07-09-2026

Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գիրքը մի շարք հարցեր է առաջացնում։

Ինչո՞ւ է նա գրել այս գիրքը, ի՞նչ է փորձել ասել, և, կարևորը, ի՞նչ է թաքցնում նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գրքերը, որպես կանոն, վերաբերում են իրենց պաշտոնավարման ընթացքի խոհանոցային մանրամասներին, մանր ու մեծ գաղտնիքներին։ Դրանք բաց դասագիրք են քաղաքական գործչի մասնագիտությունն ընտրած, քաղաքական գործունեությամբ պրոֆեսիոնալ հետաքրքրված մարդկանց համար։ Այս պարագայում նույնը ասել չենք կարող։

Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանը գրել է ոչ թե այն շրջանի մասին, երբ ինքը պաշտոնյա էր, այլ անդրադարձել է այն շրջանին, երբ դեռ քաղաքական պաշտոն չուներ, նույնիսկ կուսակցական չէր։ Այսպիսի մոտեցումն ինքնին աննորմալ է, արժեզրկում է քաղաքական գործունեությունը։ Նա ժողովրդին ու աշխարհին իր պաշտոնավարման ժամանակաշրջանից բան չունի՞ ասելու։ Նրա պաշտոնավարման շրջանում կարևոր, նշանակալի բաներ չեն եղե՞լ երկրում։ Նա, որպես ԱԽՔ, ոչ մի կարևոր գործընթացի չի՞ ներգրավվել։

Հիշեցնենք՝ նա ԱԽՔ-ն էր 44-օրյա պատերազմի շրջանում, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Արցախի վրա։ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաների ժամանակ ևս նա ԱԽՔ-ն էր։ ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, Արևմուտքի հետ մերձեցման խաղերի ժամանակ ևս նա այս բարձր պաշտոնն էր զբաղեցնում։

Այս առումով նա շատ հետաքրքիր և ուսանելի բաներ կարող է պատմել աշխարհին, թե ինչպե՞ս եղավ, որ պարտվեցինք 44-օրյա պատերազմում, Հայաստանն ինչպե՞ս կորցրեց պատերազմում հաղթելու շանսը, ինչո՞ւ դրանից հետո շարունակվեց ռուս-ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ինչո՞ւ զավթեցին Հայաստանի որոշ տարածքներ։ Արմեն Գրիգորյանն այս կարևոր բաների մասին ամաչո՞ւմ է գրել, թե՞ վախենում է, որ ինքը ևս պատասխանատվության կարող է ենթարկվել Հայաստանի պարտությունների, կորուստների համար։

ԱԽ քարտուղարը պետական գաղտնիքի առաջին աստիճանի մատչում ունի։ Այսինքն՝ պետության հետ կատարված և կատարվող ամեն ինչ գիտի, նրա համար փակ թղթապանակ չկա, նա պետության ամենատեղեկացված մարդկանցից է։ Բարձր պաշտոն ստանձնելուց առաջ մարդը ստորագրություն է տալիս՝ պարտավորվելով պահպանել պետական գաղտնիքը, հակառակ դեպքում օրենքով պատասխանատվության կենթարկվի։ Հավանաբար, Արմեն Գրիգորյանը չի կարողանում տարբերակել, թե իր իմացածից ո՞րն է պետական գաղտնիք, որը՝ ոչ։ ԱԱԾ-ն ևս չի կարողացել նրան բացատրել, թե նա ինչի մասին կարող է խոսել, ինչի մասին՝ լռել։ Ու նրան ասել են, որ շառ ու փորձանքից հեռու՝ ոչ ոքի ոչինչ չպատմես, չգրես պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին։ Իսկ եթե շատ ես ուզում գրել, ապա նախահեղափոխական անցյալից գրի։

Սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ, և մյուս բարձր պաշտոնյաները ևս իրենց նոթերում կգրեն իրենց կյանքի այն շրջանի մասին, երբ դեռ քաղաքական գործիչ չէին՝ այդպիսով ուղերձ հղելով ժողովրդին, թե քաղաքական գործունեությունն անհետաքրքիր ու անկարևոր է, և այդ մասին գրելու բան չկա։ Եթե այս տրամաբանությամբ շարունակվի, ապա հաջորդ պաշտոնազրկված պաշտոնյաները կարող են նոթեր գրել, թե ինչպես էին բակում նարդի խաղացող բիձեքի հետ բանավիճում քաղաքական թեմաներով, և ինչպես են այդ բանավեճերի արդյունքում հասկացել, որ, երբ մեծանան, դառնալու են քաղաքական գործիչ։

Հոռետեսները կարծում են, թե Արմեն Գրիգորյանն այս գրքով փորձել է քողարկել ճշմարտությունը, թե ովքեր, ինչպես, ինչու տապալեցին Սերժ Սարգսյանի իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանին դարձրեցին ֆորպոստի վարչապետ։ Այդ է պատճառը, որ նախկին ԱԽՔ-ը սևեռվել է նախահեղափոխական շրջանի մանր-մունր բաների վրա՝ դրանց տալով մեծ նշանակություն, չխոսելով անգամ, թե ինչ դեր են ունեցել ռուսները Փաշինյանին իշխանության բերելու հարցում, և հայ-ռուսական ինչ պայմանավորվածություններով է կաշկանդված ՀՀ վարչապետը, որ ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ո՛չ երկաթուղու, ո՛չ ռուսական ռազմաբազայի դուրս հրավիրման, ո՛չ որևէ այլ հարցում նախաձեռնություն ու կամք չի ցուցաբերում, ինչ ասում են՝ անում է։

Իսկ լավատեսներն էլ կարծում են, թե Արմեն Գրիգորյանն այս գրքով ակնարկում է, որ կարող է գաղտնազերծել կարևոր իրադարձություններ ու մերկացնել Փաշինյանին։ Այսինքն՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը նախերգանք է, որին հաջորդելու է բուն կինոն՝ սկանդալային բացահայտումներով, ինչը կարող է զանգվածային հրաժարականների և իշխանափոխության պատճառ դառնալ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված