Ներքին 2 ամիս առաջ - 09:32 06-09-2026

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։

CHW-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ պատմամշակութային տարածքը ջնջվել է երկրի երեսից 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած հատվածում։ Ավերումն իրականացվել է Շուշիում կոյուղաջրերի և անձրևաջրերի մաքրման կայանի շինարարության պատրվակով։

Այս գերեզմանոցում պահպանվել էր 1810–1871 թվականներին թվագրվող առնվազն 35 տապանաքար։ Այստեղ ամփոփված էին 19-րդ դարի Շուշիի հայ բնակիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների և ռուս զինվորականների աճյունները։ Նրանց թվում էր 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, ով 1826 թվականին մասնակցել էր Շուշիի հերոսական պաշտպանությանը, ինչպես նաև Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերը, ում տապանաքարն ուներ լատիներեն արձանագրություն։

Բացի 19-րդ դարի հուշաքարերից, գերեզմանոցի տարածքում կային նաև միջնադարյան հինգ հայկական խաչքարեր։ Դրանք անհերքելիորեն փաստում էին, որ այդ տարածքը դեռևս խորը միջնադարից հանդիսացել է հայկական հոգևոր ու մշակութային միջավայրի անբաժանելի մաս։

CHW-ն արձանագրում է, որ հոգևոր-պատմական այս տարածքը դիմակայել էր բոլոր պատերազմներին, քաղաքական ցնցումներին ու իշխանափոխություններին, սակայն 2026 թվականին՝ ադրբեջանական վերահսկողության ներքո, ամբողջությամբ ոչնչացվեց։

Սա Արցախի բռնազավթումից և տեղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական հետքը ջնջելու հերթական արձանագրված դեպքն է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ