Ներքին 14 րոպե առաջ - 19:04 01-09-2026

Պատերազմից վախը պետք է օգտագործել պատերազմին պատրաստվելու, այլ ոչ թե պատերազմից փախչելու համար

Արամ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իլհամ Ալիևն տիրապետում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ քաղաքական ազդեցության այնպիսի մեծ լծակների, որպիսիք մեր անկախության ընթացքում ինչ-որ մեկը երբևէ չի ունեցել։ Ու մենք չգիտենք, թե էդ իրականության հետ ինչ անենք։

Ադրբեջանի ձեռքում գտնվող հիմնական լծակներն են․
1. Ռազմագերիների խնդիրը
2. Ջերմուկի հատվածում օկուպացված դիրքերը
3. ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը
4. Անկլավների/էքսկլավների և սահմանազատման հարցերը
5. «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը

Այս բոլորն Ադրբեջանի ձեռքում ուղղիղ լծակներն են Հայաստանի նկատմամբ, որոնցում յուրաքանչյուր փոփոխություն (թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով) էքսպոնենցիալ ազդում է ՀՀ ներքաղաքական և անվտանգային վիճակի վրա։

Ի հակադրություն սրան՝ Հայաստանը չունի Ադրբեջանի նկատմամբ սեփական ուղղիղ լծակներ։ Հայկական կողմի ազդեցության միակ ձևը երրորդ երկրների՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանիի, օգնությանը դիմելն է՝ փորձելով միջազգային ճնշման միջոցով զսպել/բալանսավորել Ադրբեջանին։

Այս համատեքստում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը միտված է այդ լծակների չեզոքացմանը՝ այն հույսով, որ եթե սրանք չեզոքացվեն, Ադրբեջանը «խելք կհավաքի» ու ուշքի կգա։ Այնուամենայնիվ, նման մոտեցմամբ այդ լծակները չեն չեզոքանում․ ընդհակառակը, դրանք սնվում և ամրապնդվում են։ Ավելին՝ Ադրբեջանը ոչ թե «խելք» պիտի հավաքի, որ «ուշքի» գա, այլ խելքը հացի հետ պիտի կերած լինի, որ հրաժարվի նոր լծակներ ձեռք բերելու գայթակղությունից։

Իսկ նշված լծակները մեծամասամբ ձեռք են բերվել բացառապես ուժի կիրառման արդյունքում, կամ նյութականացվել են դրա արդյունքում։ Նման մասշտաբի առավելությունները չեն չեզոքանալու կամ փոխարինվելու փոքր տնտեսական առաջարկներով։

Ստեղծված իրավիճակը թակարդ է, որը հնարավոր չէ լուծել միայն նշված հինգ կետերի զիջմամբ/անտեսմամբ․ մի շարք հարցերի զիջումը բերելու է նոր պահանջների առաջադրմանը։ Քանի դեռ Ադրբեջանը գիտի, որ փոքր ռազմական բախման սպառնալիքը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության գոյության կամ չգոյության հարց, Ալիևը շարունակելու է ձեռք բերել նմանատիպ ուղղիղ լծակներ, սեղմել այդ լծակների վրա և այլն։

Խնդիրն ունի միայն մեկ լուծում․ տարածաշրջանում խաղաղ գոյակցության հասնելու համար Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի։ Մենք, որպես հասարակություն, պետք է հաշտ լինենք, հարմարվենք ու պատրաստվենք, որ աշխարհը չի փլվելու, եթե պատերազմ եղավ։ Միայն պատերազմին պատրաստ լինելու գործոնը կարող է չեզոքացնել կամ էականորեն թուլացնել Ադրբեջանի ուղղիղ լծակները։ Միայն այդ հավասարակշռության ձևավորումից հետո է հնարավոր սկսել ու վերջացնել խաղաղության ինստիտուցիոնալացումը:

Պատերազմից պետք է վախենալ, ու այդ վախը պետք է օգտագործել պատերազմին պատրաստվելու, այլ ոչ թե պատերազմից փախչելու համար։ Ու քանի դեռ մենք փախչում ենք պատերազմից՝ առաջին պատերազմի հաղթանակից սկսած, հենց ուղիղ այդքան մեր հետևից վազելու է պատերազմը։