Ներքին 11 րոպե առաջ - 17:59 01-09-2026

Կրթության խայտառակ վիճակը դավաճանություն է ապագայի հանդեպ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Սեպտեմբերի 1-ին ուղիղ ասենք, որ ՀՀ-ում կրթությունն անմխիթար վիճակում է, քանի որ աշակերտները չեն սովորում, ուսուցիչները չեն կարողանում մեծացնել սովորողների հետաքրքրությունը մարդկության, պետության, բնության, աշխարհի, Աստծո հանդեպ։

Նախկինները քիչ բան են արել կրթության որակի բարձրացման ուղղությամբ։ Հանրակրթական դպրոցներում առաջադիմության ցածր մակարդակը, որոշ առարկաների չիմացության մասին վիճակագրական սարսափելի տվյալներն ընդհանրապես որակվում էին որպես դավաճանություն երեխաների և պետության ապագայի նկատմամբ։

Ինչո՞ւ էին այսպիսի խիստ գնահատականի արժանացնում, և ինչպիսի՞ պատկեր է հիմա։

Գրեթե նույն պատկերն է հիմա։ Մի քանի հարյուր դպրոց ու մանկապարտեզ է նորոգվել ու կառուցվել։ Բայց կրթության, դաստիարակության որակի էական բարելավում կա՞։ Կա՞ն վիճակագրական դինամիկ տվյալներ մաթեմատիկայի, լեզուների, հանրակրթական մյուս առարկաների իմացության մակարդակի վերաբերյալ։ Դպրոցի հանդեպ ժողովրդի վերաբերմունքում փոփոխություն կա՞։ Ուսուցիչների ատեստավորումն անդրադառնում է աշխատավարձի բարձրացման վրա, բայց կրթության որակի բարձրացման վրա ազդո՞ւմ է։ Վերապատրաստված ուսուցչի դասարանում աշակերտների առաջադիմությունն աճո՞ւմ է։ Ընդհանրապես՝ ատեստավորումն ի՞նչ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։

Իշխանությունները փորձում են կրթության վիճակի պատասխանատվությունը գցել աշակերտների, ծնողների, ժողովրդի գրպանը։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ պատասխանատուն քաղաքականություն որոշողն է։ Նախկինում օդիոզ դեմքեր կային խորհրդարանում։ Ներկայումս էլ քաղաքականապես անկիրթ պատգամավորներ կան, որոնք քաղաքականության մասին քիչ բան գիտեն, բայց մեծ-մեծ խոսում են։ Իշխանության մյուս օղակներում ևս տգետների հոծ զանգված կա։ Իսկ ՏԻՄ-երում խայտառակ պատկեր է։ Համայնքապետերի մի զգալի մասն անկուսակցական է։ Դրանց մեծ մասն ասում է, թե քաղաքականությամբ չի զբաղվում, նույնիսկ չեն հասկանում, որ համայնքապետը, քաղաքապետը քաղաքական պաշտոններ են։

Բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, գիտեն, որ արժեքահեն կրթությունը քաղաքական մեծ նշանակություն ունի, քանի որ արժեքահեն կրթություն ստացած շրջանավարտը կամ բուհավարտը չի ստում, չի ատում, չի արհամարհում ժողովրդին, իշխանություններին, հոգևորականին, պատասխանատվությամբ է վերաբերվում իր կոչմանը, գործին։ Այսպիսի նշաձող ապահովելու համար դեռ Հին Հունաստանում, Հին Հռոմում, հելլենական, հռոմեական քաղաքակրթությունների ազդեցության երկրներում դպրոցներում անցնում էին «Ներդաշնակություն» դիսցիպլինը։ Եվ սովորողը ոչ միայն սովորում էր տառերն ու թվերը, այլև յուրացնում սոցիումի, բնության, աշխարհի, Աստծո հետ ներդաշնակության գաղտնիքները։

Հայաստանում արժեքների կամ ներդաշնակության վրա ուշադրություն դարձնող չկա։ Աշակերտը դպրոցից, բուհից դուրս է գալիս բարոյապես ամորֆ, հասարակության, իշխանության, աշխարհի հանդեպ խորն ու անթաքույց ատելությամբ։ Ու եթե ատելությամբ լցված աշակերտը վաղը դառնա պատգամավոր, նախարար, ապա կարող է վերացարկել ազգային շահերը, դավաճանել, աղետալի քաղաքական որոշումներ ընդունել, կորուստներ պատճառել պետությանն ու ժողովրդին, առնվազն՝ դառնալ կոռումպացված տականք։

Կրթության անկյունաքարային նշանակության մասին այս պարզ ճշմարտությունը, հավանաբար, հասկացել է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն դեռ չի կարողանում այնպես կազմակերպել կրթության գործը, որ տեսանելի արդյունք լինի։ Ասվածի ապացույցներից մեկն այն է, որ այս տարի բուհերում դիմորդների թիվը կրճատվել է, բազմաթիվ անվճար տեղեր թափուր են մնացել։ Բուհ ավարտածների վիճակը ևս լավ չէ։ Բազմաթիվ բուհավարտներ այլ մասնագիտությամբ են աշխատում։ Նույնիսկ Բժշկական ինստիտուտ ավարտածների մի մասը, որոնք բժիշկ հարազատներ չունեն, այլ աշխատանք են կատարում։

Կարճ ասած՝ արժեբանական ճգնաժամն աղետալիորեն անդրադառնում է կրթության վրա։ Եթե աշակերտների ու ուսանողների մի մասն այսօր չեն սովորում կամ հակված են սովորածն ի չարս կիրառել, ապա վաղը, հավանաբար, դառնալու են անկիրթ կամ կրթված սրիկաներ, որոնք սրիկայաբար գործելու են ժողովրդի ու պետության դեմ։ Սա նկատի ունենալով՝ կրկնենք՝ կրթության խայտառակ վիճակը դավաճանություն է ապագայի հանդեպ։


Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի