Ներքին Նրանց կարծիքով 16 րոպե առաջ - 20:04 31-08-2026

Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում անդրադարձ է լինելու Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը, ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ի՞նչ փոփոխություններ են նրանք ակնկալում Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հետո։

Քաղաքացիներից մեկը հույս հայտնեց, որ հանդիպումից հետո հարաբերությունները կարող են բարելավվել։

«Կարծում եմ՝ մի քիչ պետք է սպասենք, մինչև տոները անցնեն, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հիմա կան որոշ թերացումներ, որոնք պետք է ճշտել։ Որոշ փոփոխություններ կլինեն, և ամեն ինչ լավ կլինի»,– ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի ևս դրական փոփոխության հույս հայտնեց՝ նշելով, որ պետք է լավատես լինել։

«Մարդը միշտ պետք է հույսը չկորցնի, միշտ պետք է լավատես լինի»,– ասաց նա։

Միևնույն ժամանակ, քաղաքացիներից մեկը հանդիպումից հետո իրավիճակի վատթարացում է կանխատեսում։

«Լարվածությունն ավելի կսրվի, ավելի լարված կլինի, ավելի վատ՝ մեր երկրի համար»,– ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դրական զարգացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա հստակ ներկայացնել իր շահերը։

«Եթե մենք մեր շահերը հստակ չենք ներկայացնում՝ դժվար, թե մեզ համար դրական դինամիկա լինի։ Պատմությունը ցույց է տվել, որ մենք մեր շահերը երբեք լավ չենք կարողացել ներկայացնել։ «Թղթե շերեփի» սինդրոմը միշտ առկա է»,– ասաց քաղաքացին։

Քաղաքացիներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դերակատարումն այլ կերպ գնահատեց՝ նշելով, որ նրան համարում է ավելի լայն գործընթացների գործիք։

«Փաշինյանին անձամբ չենք մեղադրում․ նա ընդամենը վերևների համար գործիք է։ Իրեն այնտեղ օգտագործում են, այսօր օգտագործում են, վաղը՝ Աստված գիտի։ Ինքը, ուղղակի, գործիք է»,– ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ հանդիպման արդյունքների մասին այժմ դժվար է հստակ կանխատեսումներ անել։

«Դժվար է հիմա ստույգ պատասխանել։ Ժամանակը ամեն ինչի տեղը կդնի։ Բայց շատ ցայտուն են կատարվող շարժումները, երբեմն՝ նաև հիստերիկ երևույթները»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան