«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում անդրադարձել է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը՝ իշխանություններից պահանջելով չմիջամտել դատական գործընթացին և ապահովել բաց դատական նիստեր։
«Քաղաքացի Նիկոլ Փաշինյան, սեպտեմբերի 10-ին տեղի է ունենալու այս, չակերտավոր, ամոթալի գործով դատավարության առաջին նիստը։ Կոչ ենք անում և պահանջում ենք՝ այս փլուզված, չեղած, ֆեյք, կեղծ գործով այլևս միջամտություններ չանեք և թույլ տվեք, որ դատավորը իր խղճի մտոք որոշի խափանման միջոցը։ Այդ SMS-ների վերջը տվեք։ Դա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Թույլ տվեք՝ դատավորը ազատ, անկաշկանդ որոշում կայացնի և Թևանյանը, Մանուկյանը և մնացած բանտարկյալները վերադառնան իրենց ընտանիքներ»,- ասաց նա։
Սուքիասյանը նաև իշխանություններին կոչ արեց ապահովել գործի քննության հրապարակայնությունը։
«Եթե դուք վստահ եք, որ ձեր գործը ամուր է, հիմնավոր է, բաց դատական նիստեր արեք։ Թող հանրությունը տեսնի այդ աղմկահարույց տեքստերը, որոնք տարածում էիք, տեսնի՝ դուք կարողանո՞ւմ եք հիմնավորել։ Թող ձեզ էլ լսի, մեզ էլ լսի, տեսնի՝ քննիչն ու դատախազն են համոզիչ, թե փաստաբանն ու Թևանյանը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունները վստահ են ներկայացված մեղադրանքների հիմնավորվածության մեջ, ապա չպետք է խուսափեն բաց դատավարությունից։
«Եկեք մրցեք, տեսնենք՝ ում փաստարկներն են ավելի համոզիչ։ Եթե, իհարկե, դուք փաստարկ ունեք, փաստ ունեք, վստահեք՝ ուրեմն տարեք բաց դատավարության։ Թողեք՝ այդ մարդիկ գնան տուն, դատարանում կտեսնենք՝ ով է հաղթում»,- ասաց Սուքիասյանը։ Նա նաև քննադատեց իրավապահների կողմից գործի վերաբերյալ ներկայացվող հիմնավորումները։
«Ինչքան էլ պատվեր անեք, ինչքան էլ ռեպրեսիաներ անեք, քաղաքական ընդդիմախոսներին այս պարագայում Թևանյանին շինծու գործով ազատազրկեք, իրականությունը չեք կարող ծածկել։ Երկիրը շղարշով ծածկված չի, իրականությունը միշտ դուրս է գալիս ջրի երես»,- հայտարարեց նա։
Մանրամասները` տեսանյութում: