Մամուլ 1 ամիս առաջ - 08:41 13-08-2026

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

«Հրապարակ» թերթը գրում է. «2024 թվականի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Սերժ Սարգսյանի եղբոր` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ պետության բռնագանձելու վերաբերյալ։

Դատախազությունը պահանջել էր բռնագանձել 14 անշարժ եւ 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաեւ 5 մլրդ 92 մլն դրամ։ Մենք անցած տարի գրել էինք, որ գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանի որոշ գումար արգելանքի տակ է։ Նրա փաստաբանները դիմել էին դատարան՝ խնդրելով այդ գումարի մի մասի նկատմամբ արգելանքը վերացնել, որպեսզի դրանք կարողանան օգտագործել՝ հարկերը, փաստաբանական ծառայությունների վարձը եւ անհրաժեշտ ծախսերը վճարելու համար։

2025 թվականի փետրվարին Հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել այդ միջնորդության վերաբերյալ։ Դատախազությունը, սակայն, չհամաձայնելով դատարանի որոշման հետ, բողոքարկել էր այն։ Մարտին Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը՝ ապրուստի միջոցների եւ փաստաբանի վարձատրության մասերով առաջին ատյանի որոշումը վերացնելով եւ այդ մասով նոր քննության ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան։ Այժմ՝ մեկ տարի անց, գործով նոր զարգացում կա։

2026 թվականի մայիսի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը կրկին որոշում է կայացրել՝ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ դատարանը որոշել է փոփոխել Ալեքսանդր Սարգսյանի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները։ Դատախազությունն այս որոշումը եւս բողոքարկել է։ Եվ ահա, վերջերս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բողոքը՝ վերացնելով մայիսի 13-ի որոշումը եւ գործը կրկին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Այսինքն՝ մայիսի 13-ին առաջին ատյանի դատարանը որոշել էր փոխել Սարգսյանի գույքի եւ գումարի նկատմամբ գործող սահմանափակումները, սակայն վերաքննիչ դատարանն այդ որոշումը վերացրել է։ Հիմա հարցը կրկին պետք է քննի Հակակոռուպցիոն դատարանը։ Կարեւոր է նաեւ նշել, որ դատարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ալեքսանդր Սարգսյանի գույքը պետությանը հանձնելու վերաբերյալ, սա ընդամենը միջանկյալ հայցերի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին է։ Հիմնական գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ այս դատական գործընթացը վերաբերում է միայն այն հարցին, թե մինչեւ գործի վերջնական ավարտը ինչ սահմանափակումներ պետք է պահպանվեն նրա գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Սաշիկ Սարգսյանը ո՛չ փաստաբանին վճարելու փող ունենա, ո՛չ առօրյա ծախսերի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են