Ներքին Միտք 59 րոպե առաջ - 23:47 06-08-2026

Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը

Արդյո՞ք պատահականություն էր, որ իշխանության ռեպրեսիվ մեքենան ամբողջ ուժով գործի դրվեց հենց այն մարդու դեմ, ով նախընտրական քարոզարշավի առանցքում դրեց հանրային համերաշխության գաղափարը։

Կարծում եմ՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական գոյության գլխավոր հենարանը հասարակության մշտական պառակտումն է։ Այդ կառավարման մոդելը կառուցված է հակադրությունների վրա՝ «մերոնք» և «ձերոնք», ներքին բարիկադներ, անընդհատ թշնամիների որոնում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Հենց այդ անտագոնիզմն է դարձել գործող իշխանության քաղաքական «թթվածինը»։

Սակայն նման կառավարման մոդելը ժամանակի ընթացքում քայքայում է պետության ներքին դիմադրողականությունը։ Այն թուլացնում է հասարակական համերաշխությունը, խորացնում փոխադարձ անվստահությունը, նվազեցնում ազգային համախմբման ներուժը և, ի վերջո, խաթարում արտաքին մարտահրավերներին դիմակայելու պետության կարողությունը։

Հանրային համերաշխության գաղափարը մարտահրավեր է այն քաղաքական տեխնոլոգիային, որի վրա հիմնված է գործող իշխանության գոյությունը։ Իսկ այդ գաղափարի ամենատեսանելի քաղաքական կրողը դարձավ Գագիկ Ծառուկյանը։

Մեկ ամիս առաջ նա կալանավորվեց։

Իմ համոզմամբ, դա քաղաքական հաշվեհարդար էր՝ ուղղված այն քաղաքական գործչի դեմ, որի շուրջ ձևավորվել էր հասարակական համախմբման և ազգային երկխոսության պահանջ։

Քաղաքական բնույթի խնդիրները չեն կարող լուծվել բացառապես իրավական գործիքակազմով։ Դրանց հանգուցալուծումը նույնպես քաղաքական հարթության վրա է՝ հանրային կամքի, քաղաքական պատասխանատվության և իրավական պետության սկզբունքների վերականգնման միջոցով։

Մեկ ամիս առաջ, այսօր և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, շարունակելու եմ որոնել այդ քաղաքական լուծումները՝ համոզված լինելով, որ Գագիկ Ծառուկյանը պետք է վերադառնա իր պատվարժան ընտանիքի գիրկը։