«Հրապարակ» թերթը գրում է․ Հրազդանում ՔՊ-ի արդյունքները սպասվածից ցածր են եղել, ինչը շատերը գնահատում են որպես Սասուն Միքայելյանի և նրա քաղաքական ազդեցության նկատմամբ դժգոհության արտահայտություն։ Քաղաքը, որը տարիներ շարունակ համարվել է Միքայելյանի հենարանը, այս ընտրություններում նրան փաստացի «պատժել» է՝ չապահովելով ակնկալվող աջակցությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարն այն ենթակաների հետ, որոնք «իր պատիվը գետնով են տվել» Գորիսում ՔՊ-ի ջախջախիչ հաղթանակ չեն ապահովել։ Նա պատասխանատուներ էր նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է ՔՊ-ն «կրում է, ընդդիմությանը սատկացնելու են»։
Ընտրության գիշերը մեծ անակնկալ են եղել ՔՊ-ի ցածր տոկոսները, և Առուշն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգնական Գրիգորին, Խնձորեսկի վարչական ղեկավարին: Մեր աղբյուրն ասում է, որ սրանով նա չի բավարարվելու` մյուսներին ազատելու է, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն: Ասել է, որ պատժելու է իրեն խաբողներին։ Իսկ որ ինքը խաբել է հանրության, ընդդիմության սպասելիքները, ճամբարափոխ է եղել, դա չի հիշում»։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում վստահ են, որ կուսակցության ցուցակի մինչև 90-րդ համարը կարող է պատգամավոր դառնալ, քանի որ ընտրվածներից շուրջ 25-30-ը կտեղափոխվեն գործադիր իշխանություն։ Արդյունքում իշխանական խմբակցությունում կհայտնվեն բազմաթիվ նոր դեմքեր՝ կուսակցական աշխատակազմից, տեղական ինքնակառավարման մարմիններից և պետական համակարգից։ Եթե ԲՀԿ-ն ևս անցնի խորհրդարան, ՔՊ-ն կարող է ունենալ 61 պատգամավոր։
«Հրապարակ» թերթը գրում է. Ռուսաստանից ներմուծման սահմանափակումների ֆոնին այլընտրանքային շուկաներ արտահանված հայկական գյուղմթերքի ծավալները շատ փոքր են և չեն կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային։ Իշխանական շրջանակներում մտահոգված են, որ առաջիկայում գյուղմթերքի իրացման խնդիրներ կարող են առաջանալ, մինչդեռ ռուսական սահմանափակումների արագ վերացման ակնկալիքները չեն արդարանում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում պետական գերատեսչություններում։ ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին: Ընդ որում՝ զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչեւ վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են` ներկա-բացակա են անելու։
Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է՝ պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել: Ասում են՝ յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ մի շարք նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով ևս երկու դատական նիստ կկայանա, որից հետո դատավոր Վահե Դոլմազյանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար։ Շուրջ հինգ տարի առաջ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրիի փաստացի կառավարումն անցել է նրա փեսային՝ Ավետիս Առաքելյանին, սակայն նրա հնարավոր մանդատ ստանալը նոր անորոշություն է ստեղծում։ Միաժամանակ իշխանությունները քննարկում են արտահերթ ընտրությունների անցկացումը և քաղաքապետի թեկնածուի հարցը, ինչի հետևանքով Գյումրիում կառավարման ճգնաժամը շարունակում է խորանալ։
«Փաստ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակել Արայիկ Հարությունյանին։ Թեև տարբեր ժամանակներում շրջանառվել են նրա հնարավոր նոր նշանակումների մասին լուրեր, աղբյուրների պնդմամբ՝ Հարությունյանը նախընտրում է պահպանել ներկայիս պաշտոնը, որտեղ շարունակում է համարվել իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ վարչապետից հետո։