Ներքին 2 ժամ առաջ - 14:00 11-07-2026

Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Գագիկ Ծառուկյանի մի շարք ընկերությունների աշխատակիցները հուլիսի 11-ին իրենց հիմնարկների դիմաց բողոքի ցույցեր են իրականացնում։ Նրանք բողոքում են Ծառուկյանի կալանավորման դեմ։ Նախօրեին էլ հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հայտարարությամբ։ Ստորագրահավաքի մասին հայտնել էր Իվետա Տոնոյանը։

«Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։ Մեր սատարումն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս աննախադեպ բռնաճնշումները»,- ասված էր նրանց համատեղ հայտարարության մեջ։

Նորմալ երկրում այսպիսի հանրային աջակցություն վայելող քաղաքացին ազատ կարձակվեր։

Իշխանությունը կհարգեր հանրային պահանջը և կազատեր քաղաքացուն՝ պատասխանատվությունը կիսելով ժողովրդի հետ։ Եթե ազատ արձակվածը խոչընդոտեր քննությանը, հանրության համար վտանգավոր արարք գործեր կամ չարամտորեն խուսափեր քննությունից, ապա իշխանությունն իրավունք կունենար հանդիմանելու ժողովրդին, իսկ ժողովուրդն այլևս բարոյական իրավունք չէր ունենա կրկին բողոքելու, երբ քաղաքացուն նորից կալանավորեին։

Ի՞նչ կարելի է անել, որ այս բռնաճնշումները դադարեն։

Բոլորն ընդունում են, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող ճնշումները քաղաքական բնույթ ունեն։ Նույնիսկ իշխանական խոսափողներն են վկայաբերում Նիկոլ Փաշինյանի նախընտրական հայտարարությունը, այսպես կոչված՝ պատերազմի «եռագլուխ» կուսակցության ղեկավարներին հալածելու մասին, և դրանով իսկ բացատրում, թե ինչու են հիմա հետապնդում Ծառուկյանին։ Այսպիսով՝ ուղղակի ապացուցում են, որ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական է։

Հետևաբար, ազնիվ կլիներ, եթե իշխանությունները, դատախազությունն ու իրավապահ մարմիններն ուղղակի հայտարարեն, որ Ծառուկյանին հետապնդում են Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Իհարկե, կարևոր է նաև պարզել, թե ինչու է Փաշինյանը տվել այդ հրահանգը, ի՞նչ ակնկալիք ունի նա Ծառուկյանից։ Սակայն նախ պետք է հաստատել, որ դա արվել է նրա ցուցումով։

Դրանից հետո հարկ է Փաշինյանից պահանջել հստակ պատասխան, թե ինչու է նա հետապնդում Ծառուկյանին։ Այդ պատասխանը պետք է լինի պարզ, հասկանալի հայերենով, առանց հեքիաթային սիմվոլիկայի և առանց պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու։ Այսինքն՝ Ծառուկյանի պաշտպանները, հանրային հեղինակությունները, նրա հիմնարկների աշխատակիցները, մարզիկներն ու ֆեդերացիաները կարող են երկրի ղեկավարից ակնկալել պատասխան, թե ի՞նչ է նա ակնկալում Գագիկ Ծառուկյանից։

Աշխատակիցների, մարզիկների, ֆեդերացիաների, հասարակական կառույցների և հանրային հեղինակությունների հայտարարությունները վկայում են, որ Ծառուկյանը հանրության համար վտանգավոր չէ։ Իսկ ո՞ւմ համար է նա վտանգավոր, ի՞նչ վտանգ են չեզոքացնում՝ Ծառուկյանին կալանքի տակ պահելով։ Գուցե Փաշինյանի պարզ պատասխանից հետո պարզվի, որ Ծառուկյանն անզգուշաբար կամ թյուրիմացաբար է այդ վտանգը ներկայացրել։ Եվ երբ դա հասկանա, հավանաբար՝ կուղղվի և այլևս վտանգ չի ներկայացնի։

Ընդհանրապես, ազատազրկման տեսական նպատակն այն է, որ օրենքը խախտողն ուղղվի, դառնա արդար, ազնիվ, բարի և հանրության համար անվտանգ մարդ։ Այսինքն՝ արդարադատությունն ակնկալում է, որ օրենքը խախտողը որոշ ժամանակ կալանքի տակ մնալուց հետո կուղղվի և այլևս օրենք չի խախտի։ Նույն տրամաբանությամբ կարող են պարզ ասել, թե ինչու են Ծառուկյանին հետապնդում և կալանավորում, Փաշինյանն ի՞նչ է ակնկալում նրանից։

Գուցե պարզվի, որ այդ ակնկալիքը պարզ է և իրականանալի։ Եթե Ծառուկյանը միայնակ չկարողանա այն բավարարել, ապա գուցե նրան սատարողները, մարզիկները, հասարակական կառույցներն ու հանրային հեղինակությունները միասնական ջանքերով կարողանան իրականացնել Փաշինյանի ակնկալիքը։ Օրինակ՝ եթե փրկագին է պահանջվում, ապա գուցե հանրությունը միասնաբար վճարի այդ փրկագինը։ Կամ եթե ցանկանում է, որ ԲՀԿ-ն փոխի իր արտաքին քաղաքական դիրքորոշումը, ապա գուցե կուսակցությունը համագումար հրավիրի և նման փոփոխություն կատարի իր ծրագրում։

Կարճ ասած՝ այս օրերին պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը հանրային աջակցություն ունի և առերևույթ վտանգ չի ներկայացնում հանրության համար։ Իսկ եթե Փաշինյանն այնքան խիզախություն ունենա, որ ասի նաև, թե ինչ է ակնկալում Ծառուկյանից, ապա հավանական է, որ նա մի քանի օրից ազատ կարձակվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
16:27 Ոսկե կանոն ունեի՝ չընտրել դերասան տղամարդու. ինչպես է Լևոն Մկրտչյանի կինը կոտրել իր ստանդարտները հանուն սիրո
16:35 Փաշինյանը սխալվում է. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին. Ագնեսա Խամոյանը Արեգնազ Մանուկյանի մասին
17:09 Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
18:00 Կյանքում բիզնեսով չզբաղվածը ԱԺ-ն թողնում է, որ բիզնեսով զբաղվի
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
17:43 Իտալական շքեղություն. ինչպես է Տիգրան Ասատրյանն ընտանիքի հետ վայելում իր հանգիստը

Ձեզ գուցե հետաքրքրի